Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ազգային ծեսերը Վայոց ձորում խորագրով միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցում
16.02.2018
Օրերս Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ <<Ազգային ծեսերը Վայոց ձորում>> խորագրով միջոցառում, որն սկսվեց Տերունական աղոթքով:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցներ, մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ և այլք:
Միջոցառման անմիջական աջակիցն էր Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայությունը՝ ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը: Միջոցառումը բաղկացած էր 3 բաժնից:
Առաջին բաժինը վերաբերում էր Սուրբ Ծնունդին և Աստվածահայտնությանը, երկրորդ բաժինը՝ Ամենահաս Սուրբ Սարգսի տոնին, իսկ երրորդ բաժինը նվիրված էր Տյառնընդառաջին:
Աշակերտները մանրամասն ներկայացրին վերոնշյալ տոների մասին, ինչպես նաև հանդես եկան տոներին վերաբերող ժողովրդական երգերով, ազգային պարերով, ժողովրդական աղոթքներով, խաղիկներով, սովորույթներով և գեղեցիկ, յուրօրինակ դասական պարերով : Հնչեցին նաև Վահան Թեքեյանի ստեղծագործություններից:
Ծեսերին նվիրված տոնական հանդիսությունը կազմակերպվել էր 3-րդ դասարանի դասվար Սեդա Մելքոնյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրան Սարգսյանի և ազգային երգ ու պար առարկայի ուսուցչուհի Անուշ Կարապետյանի ջանքերով:
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը և ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը շնորհակալությունը հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին և բոլոր աջակիցներին:
Այնուհետև օրհնության խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հորդորեց՝ պահել, պահպանել ու հաջորդ սերունդներին փոխանցել ազգային մշակույթը և եկեղեցական ծիսական տոնակատարությունների ավանդույթը:
ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության անունից իր շնորհակալական խոսքն ասաց մասնաճյուղի ղեկավար Մելանյա Դովլաթյանը: Մ. Դովլաթյանը գավաթներ նվիրեց ժյուրիի կողմից հաղթող ճանաչված դասարաններին:
Նույն դասարանների աշակերտների ուժերով հաջորդ օրը կազմակերպվեց նաև Տյառնընդառաջին նվիրված տոնակատարություն: