Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տյառնընդառաջին նվիրված տոնակատարություն Եղեգնաձորում

15.02.2018

  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին տոնում է Տյառնընդառաջը:
Փետրվարի 13-ին՝ ժամը 17:30-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն, որին ներկա էին Վայոց ձորի թեմի, մարզային իշխանությունների, Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցներ ու բազմաթիվ հավատացյալներ::
Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ և հանդես եկավ տոնի խորհուրդը քարոզող հայրական խոսքով:
Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը, Ս. Խորանի վրայից վառելով մոմը, եկեղեցու բակում վառեց Տյառնընդառաջի խորհրդանշական խարույկը, որի շուրջ ազգային երգերի կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները:
Այնուհետև ներկաները Ս. Խորանի վրայից իրենց մոմերը վառեցին և Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի <<Արագիլ>> կինոթատրոնի բակ:Այստեղ նույնպես վառեցին Տյառնընդառաջի խարույկը: Ողջույնի խոսքով կրկին հանդես եկավ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Նշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։ Փետրվարի 14-ին Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Եղեգնաձորի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Տյառնընդառաջի տոնական Ս. Պատարագ:
Սբ. Պատարագի ընթացքում Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ ներկայացնելով Տյառնընդառաջի խորհուրդը:
Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Նորապսակների օրհնության կարգ` մաղթելով նորապսակներին՝ փոխըմբնման ու սիրո հիմքով ընտանիք, որպես ամուր պետականություն ունենալու հիմնաքար:
<<Արագիլ>> կինոթատրոնի բակում շարունակվեց միջոցառման մշակութային հանդիսության մասը, որն իրականացվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական աջակցությամբ (318.500 դրամ) և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:
Տոնակատարության ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան <<Ագարակաձոր>> (գեղ. ղեկավար՝ Խ. Բաբայան) ազգագրական պարի համույթը, Եղեգնաձորի մշակույթի տան դհոլահարների համույթի սաները (գեղ. ղեկ.՝ Անդրանիկ Հարությունյան), <<Բողբոջ>> պարի համույթը (գեղ. ղեկավար՝ Վերգինե Վանյան), <<Արմենյան>> մանկական երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Մարո Սիմոնյան) և անհատ կատարողներ Կամո Գալստյանը, Նարեկ Կարախանյանը, Ռոզա Ալոյանը, Անահիտ Գևորգյանը, Մհեր Մհերյանը և այլք:
Ներկայացվեց Տյառնընդառաջը որպես ամենասիրված և ամենապրող ազգային տոներից մեկը, ինչպես նաև Տյառնընդառաջի խորհուրդն ու տոնի հետ կապված տարբեր տեղեկություններ:
Միջոցառման ընթացքում ազգագրական պարի խմբի սաները ներկաներին մատուցեցին աղանդերներ և տոնին հատուկ ուտեստներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-14 18:04:08