Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ
07.02.2018
Երեկ՝ փետրվարի 6-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և համայնքի կազմի մեջ մտնող Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին , Խաչիկ, Չիվա, Ռինդ բնակավայրերի վարչական պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանը:
Քննարկվեցին նոր ստեղծված իրավիճակում բնականոն աշխատանքային գործունեության ապահովման խնդիրները:
Արծարծվեցին բնակավայրերում առկա հանրային գույքի, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների գույքագրման և պահպանության հետ առնչվող հարցերը:
Կարևորվեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի նախապատրաստական գործընթացը, այդ թվում պետական աջակցության ծրագրով գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերով և գարնանացան սերմացուով ապահովելու խնդիրների լուծումը, որպես գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտ երաշխիք:
Մարզպետ Հ Սարգսյանը բնակավայրերի վարչական պատասխանատուներին ուղղված իր խոսքում կարևորեց սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշերը, իսկ համայնքի ղեկավարին ուղղված խոսքում՝ ծախսերի կատարման նպատակայնությունը:
Հանդիպման ավարտին մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին և բնակավայրերի վարչական պատասխանատուներին՝ ետընտրական գործընթացի սահուն կազմակերպման համար և հորդորեց բնակավայրերի վարչական պատասխանատուներին՝ առավել ականջալուր լինել բանակիչների կողմից բարձրացվող հարցերին, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել գյուղատնտեսական տարվա մեկնարկի հետ կապված խնդիրները: