Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

05.02.2018

 Այսօր` փետրվարի 5-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության սկզբում Հ. Սարգսյանը խոսեց նախորդ շաբաթ օրը ՀՀ ՏԿԶ նախարարություն ՀՀ վարչապետի այցի շրջանակում քննարկված հարցերի շուրջ, ներկայացրեց շեշտադրված թեմաները և համապատասխան հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին: Մարզպետը կարևորեց մարզի համայնքների և մարզային բոլոր տվյալների թվայնացման գործընթացն օր առաջ ձեռնարկելու հարցերը:
Քննարկվեցին շինթույլտվության փաստաթղթի բովանդակային տվյալների ընդլայնման, բազմաբնակարան շենքերի մուտքերում տեսանկարահանման սարքերի տեղադրման, լուսավորության ապահովման, պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի և սերմացուի ներկրման, այգեգործության ծավալների ավելացման և աշխատատեղերի ավելացման, անասնագլխաքանակի համատարած հաշվառման խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին՝ հնարավորինս արագ կազմակերպել գարնանացան սերմացուների ներկրման աշխատանքները, քանի որ մարզի ցածրադիր գոտիներում գարանանցանի աշխատանքների մեկնարկին քիչ ժամանակ է մնում:
Այնուհետև խոսվեց <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում մարզի համայնքներում կատարվող աղբահանության ընթացքի, աղբավայրերի շահագործման մասին:
Այս հարցի կապակցությամբ մարզպետը հանձնարարեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին՝ աշխատանքներ տանել մարզի համայնքապետարանների հետ, որպեսզի համայնքների տարածքներում գործող իրավաբանական անձանց կողմից աղբահանության համար պայմանագրերի կնքման տոկոսը հասցվի առավելագույնի՝ 100%-ի:
Ներկայացվեց համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները:
Ներկայացվեց նաև սոցիալական, առողջապահության, կրթության ոլորտներին, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանը, ճանապարհների ձմեռային պահպանությանը, ներմարզային երթուղիների կազմակերպմանը, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման ոլորտին, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առընչվող հարցերը: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզի բուժհաստատություններում ավելացել են վճարովի ծառայությունների դիմաց գանձվող գումարները: Մարզպետը կարևորեց վճարովի բուժծառայություն իրականացրած բուժաշխատողների վարձատրության հարցը, նշելով, որ զուգահեռ անհրաժեշտ է բարելավել պետպատվերով մատուցվող ծառայությունների որակը:

Մարզպետ Հ. Սարգսյանը աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետին հանձնարարեց՝ կազմակերպել Հայոց բանակից զորացրված երիտասարդների հետ հանդիպում՝ զրուցելու նրանց հետ, ծանոթանալու նրանց գործունեությանը (ուսումնառություն, աշխատանքային զբաղվածություն) և հնարավորության սահմաններում սատարելու քաղաքացիական կյանքում նրանց ակտիվ ներգրավմանը:

Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին մի շարք հանձնարարություններ տվեց ուղղված աշխատանքային խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45