Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ
30.01.2018
Այսօր` հունվարի 30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության սկզբում Հ. Սարգսյանը ներկայացրեց, որ նախորդ օրը ՀՀ մարզպետների մասնակցությամբ ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի մոտ քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։
Մարզպետը նշեց, որ քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, ինչպես նաև համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը և մի շարք այլ հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը տեղեկացրեց, որ քննարկվել են նաև մարզպետարանների 2018թ․ տարեկան աշխատանքային պլանները և նշվել ՏԱՊ-ի յուրաքանչյուր բաժնի համար սահմանված ցուցանիշերի բարելավման նպատակով ձեռնարկելիք անհրաժեշտ գործողությունները, տարվա ընթացքում:
Հ.Սարգսյանը հանձնարարեց ոլորտային բաժիների ղեկավարներին՝ մշակել ծրագրի դրույթների պահանջների կատարման աշխատանքների ժամանակացույց՝ ըստ շաբաթների, տասնօրյակների կամ ամիսների (տարբերակի ընտրությունն՝ ըստ արդյունավետության):
Ստորաբաժանումների ղեկավարները տեղեկատվություն ներկայացրին քաղաքաշինության ոլորտում 2018 թվականին կապիտալ ներդրումների ծավալների, գյուղատնտեսության ոլորտում` այգեգործության ծավալների ավելացման և աշխատատեղերի ստեղծման մասին, որոնց վերաբերյալ մարզպետը հետաքրքրվեց ներկայացված տեղեկությունների հիմքերով:
Այնուհետև խոսվեց <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում մարզի համայնքներում կատարվող աղբահանության և սանմաքրման աշխատանքների ընթացքի մասին:
Ներկայացվեց համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները:
Խոսվեց սոցիալական, առողջապահության, կրթության ոլորտներին, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանը, ճանապարհների ձմեռային պահպանությանը, ներմարզային երթուղիների կազմակերպմանը, աուդիտի ուսումնասիրություններին, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առընչվող հարցերի մասին:
Ներկայացվեց ձմեռային զորակոչի կազմակերպական աշխատանքները: Այս առիթով մարզպետը նշեց, որ մարզում պատշաճորեն է կազմակերպվել ձմեռային զորակոչը, կատարվել են կարգագրերը և մատնանշեց զորահավաքային նախապատրաստության բաժնի դրական աշխատանքը:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին մի շարք հանձնարարություններ տվեց, ուղղված աշխատանքային խնդիրների լուծմանը: