Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

29.12.2017

  Սիրելի վայոցձորցիներ:
Անկեղծ սիրով ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ուրախ Ամանոր, բարեկեցություն, առողջ ու երջանիկ օրեր:
Ամանորն ամենասպասված տոներից է: Այն ընտանեկան տոն է, որը բոլորին իրենց օջախներ է կանչում: Ընտանեկան հարկի տակ են միմյանց շնորհավորում օջախի հեռու ու մոտ բարեկամներն ու հարազատները, հարևաներն ու ընկերները: Ամանորին են հնչում ամենաջերմ բարեմաղթանքները: Ամանորյա խինդով ու ցնցությամբ համակվում է ամեն մի տուն: Հենց Նոր տարվա գիշերն է դառնում փակ դռների բացման, տունդարձի, իրար գտնելու, միմյանց հանդիպելու և ներելու, չարը մոռանալու և բարուն վերադառնալու, մի նոր սիրով սրբագործվելու, ողջագուրվելու առիթն ու գալիք տարին նորացված զգացմունքներով ու մաքրամաքուր հարաբերություններով սկսելու ցանկալի պահը:
Թանկագին բարեկամներ, մի քանի օրից հրաժեշտ կտանք 2017 թվականին և պատմություն կդառնա անցնող տարում մեր ունեցած դժվարությունները և ձեռքբերումները: Մաղթում եմ, որ դժվարություններն ի պահ մնան պատմությանն ու տոնական լույսերով շղարշվեն դրանց մասին հիշողությունները, իսկ ձեռքբերումները մեզ հետ տանենք 2018 թվական և դրանք դառնան բազմապատիկ, քանզի նոր տարվա հետ նորանում են նաև նվիրական երազանքների իրականացման մեր հույսերը: Յուրաքանչյուր գալիք տարի իր հետ բերում է անավարտ ծրագրերը տրամաբանական ավարտին հասցնելու նոր հնարավորություններ: Մեր մարզի կյանքում 2017 թվականն արձանագրվեց, որպես ձեռքբերումները պահելու և հաստատելու տարի, որը բոլորիս կողմից ներդրված եռանդի ու միասնական ջանքերի արդյունքն է: Թող 2018 թվականին մեր մարզում արձանագրվեն նոր ձեռքբերումներ և բազում հաջողություններ:
Համոզված եղեք, որ մարզային իշխանության ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ կանեն ամեն հնարավորը, որպեսզի բոլորս խաղաղ պայմաններում կարողանաք լծվել մեր ընտանեկան և աշխատանքային առօրյային, հայրենաշինության մեր սրբազան գործին:
Թող 2018 թվականին միայն խաղաղությամբ բացվեն մեր երկրի բոլոր արշալույսները և օրն ավարտվի յուրաքանչյուրիս համար նոր հաջողությունների ամփոփումով, իսկ վերջալույսին թող անդորր իջնի մեր սահմաններին, որպեսզի կայուն խաղաղության մեջ անցնի հայ զինվորի ծառայությունը, իսկ  ձեր օջախներում թևածի սեր, խնդություն և ուրախություն:
Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և ձեր ընտանիքներին մաղթում եմ անսպառ սեր, մշտավառ հույս ու անսասան հավատ:
Սիրելիներս, ապրեցեք խաղաղությամբ ու Աստծո օրհնությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34