Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պատանի գեղանկարիչների ցուցահանդես
20.12.2017
Դեկտեմբերի 19-ին իրենց գունեղ, հետաքրքիր և յուրահատուկ նկարներով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի դահլիճը գունավորել էին Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի, Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցի, Ջերմուկի թիվ 1 և թիվ 2 արվեստի դպրոցիների և Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի ավելի քան 30 սաները: Սաներին ուղեկցում էին իրենց երիտասարդ ուսուցիչներն ու ուսուցչուհիները:
Ցուցահանդեսն իրականացվեց Վայոց ձորի մարզպետարանի և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի հետ համատեղ, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, բազմաթիվ արվեստասերներ, հյուրեր, կենտրոնի կամավորներ և աշակերտներ:
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված էին ոչ միայն գեղանկարներ, այլև կիրառական և ձեռագործ արվեստի նմուշներ՝ փայտից քանդակներ, գոբելեն, ասեղնագործություն, թղթից պատրաստված դեկորատիվ իրեր: Ցուցահանդեսին ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին շնորհակալագրեր և նվերներ:
Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ստեղծում է մարդու, բնության, առարկաների և երևույթների գեղարվեստական պատկերներ` օգտագործելով գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորությունները: Գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է՝ կոլորիտը, որը յուրաքանչյուր պատկերում ունի իր գունաշարը՝ գամման: