Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

15.12.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ: Հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ մարզում գործունեություն իրականացնող գործարարների հնարավոր մրցակցային խնդիրներին, դաշտի բարելավմանն ուղղված վերջիններիս առաջարկներին և ծրագրերին:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձանաժողովի անդամներ, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզում գործունեություն իրականացնող մոտ երկու տասնյակ գործարարներ, որոնք զբաղվում են հիմնականում գինու, կոնյակի, կաթնամթերքի, չրեղենի, հրուշակեղենի արտադրությամբ, ինչպես նաև գործում են զբոսաշրջության, մանրածախ առևտրի և հյուրանոցային ծառայությունների ոլորտում: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզում գործող հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը կարևորելով հանդիպման նպատակը, նշեց. <<Հարգելի գործընկերներ, ողջունում եմ ձեզ: Հարկ եմ համարել նշել այս հանդիպման կարևորության մասին, քանզի այն նպատակ ունի առավել սերտ համագործակցություն հաստատել մարզի տնտեսվարողների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին և կանխորոշել մրցակցային դաշտում ծագած խնդիրների լուծման հնարավոր ուղիները>>:
Մրցակցային մարմնի ղեկավարը նշեց, որ հանձնաժողովը մարզային կառույցներ չունի, այդ իսկ պատճառով տարվա ընթացքում կազմակերպվում են նման հանդիպումներ: <<Մեր նպատակն է, որպեսզի նման հանդիպումներում բարձրացված հարցերին  լուծում  տալու արդյունքում ձեզանից յուրաքանչյուրը զգա տարեցտարի բարելավվող մրցակցային միջավայրի ազդեցությունն իր բիզնես գործունեության վրա, որն անշուշտ կբերի ծավալների, ինչպես նաև արտահանման աշխարհագրության ընդլայնմանը>>:
Հանդիպման սկզբում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը ներկայացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքների, գործունեության և լիազորության շրջանակների մասին համառոտ տեղեկատվություն, որից հետո ծավալվեց քննարկում մրցակցային դաշտում առկա հիմնահարցերի շուրջ:

Քննարկման ընթացքում մարզի տնտեսվարողները անդրադարձան գինեգործության, խաղողագործության, կոնյակի արտադրության, որոշակի ապրանքանիշերի գովազդի, մրցակցային դաշտում հավասար պայմաններով աշխատելու գործընթացի բարելավմանը, ինչպես նաև առևտրային ցանցերում մատակարարման և արտահանման հետ կապված հարցերին:
Հանդիպման ավարտին Մրցակցային հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը խոսելով հանձնաժողովի լիազորությունների և գործունեության շրջանակների մասին, որպես օրինակ ներկայացրեց Վայոց ձորի Ռինդ գյուղում գինեգործությամբ զբաղվող «Սակի ընդ Սանս» ընկերության և «Տիեռաս դե Արմենիա» ընկերության միջև ապրանքային նշանի հետ կապված վեճը: «Սակի ընդ Սանս» ընկերությունը հայտնի է «Զորահ կարասի» ապրանքանիշի գինու, իսկ «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը՝ <<Կարաս>> գինու արտադրանքներով: Ընկերությունները վիճարկում են <<Կարաս>> անվանումն օգտագործելու և մտավոր սեփականության խնդիրը: Գ. Սահակյանը նշեց, որ գործը վիճարկվում է դատական ատյաններում: Միաժամանակ գլխավոր խորհդականը նշեց, որ հանձնաժողովի լիազորության սահմաններում է նման խնդիրների և վեճերի լուծումը: Ոստի նման հարցեր առաջանալու դեպքում հարկավոր է առաջնահերթորեն դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը շնորհակալություն հայտնեց հյուընկալության և հանդիպումը բարձր մակարդակի վրա կազմակերպելու համար: <<Ես գտնում եմ, որ հանդիպումը հաջողված էր և չափազանց արդյունավետ: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը լինելու է շարունակական, իսկ առաջ քաշված հարցերը կքննարկվեն և արդյունքների մասին ձեզ կտեղեկացվի>>,-նշեց Ա. Շաբոյանը:
Հանդիպման ավարտին մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար: <<Մեզանում մրցակցությունը կա, եղել է ու կլինի: Իսկ նման քննարկումները կարևոր են այն առումով, որպեսզի ձևավորվի առողջ մրցակցային դաշտ, իսկ ծագած խնդիրները լուծվեն սահմանված կագով և օրենքի շրջանակներում>>,- ասաց մարզի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 13:04:08