Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ

03.12.2017

 Սիրելի բարեկամներ:
Ամեն տարի դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր: Օրվա խորհուրդը մեզանից յուրաքանչյուրին հիշեցնում է, որ մեր կողքին ապրում են նույն իրավունքներն ունեցող, սակայն սահմանափակ կարողություններով անձիք, որոնց համար մատչելի միջավայր, հավասար պայմաններ և իրավունքների իրացման հնարավորություններ ստեղծելու համար աշխարհի առաջադեմ մարդկությունը, բազմաթիվ պետություններ, միջազգային ու հասարակական կազմակերպություններ անում են հնարավոր ամենը, սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար դեռևս երկար ճանապարհ կա անցնելու:
Հաշմանդամների միջազգային օրը ևս մեկ առիթ է իմի բերելու կատարված աշխատանքները, գնահատելու դրանց արդյունքում մարզի հասարակական կյանքին, ինչպես նաև տնտեսական գործունեության ոլորտում հաշմանդամների հնարավոր ներգարավումն ապահովելու պայմանների առկա վիճակը: Այս ուղղությամբ իհարկե բավականին աշխատանք է կատարվել նաև Վայոց ձորի մարզում, թեկուզ դեռևս լուծվելիք բազմաթիվ խնդիրներ կան:
Թույլ տվեք նշել, որ ֆիզիկապես մատչելի միջավայրի ստեղծումից ոչ պակաս կարևոր է սահմանափակ կարողություններով անձանց շուրջ բարոյահոգեբանական միջավայրի ձևավորումը, նրանց նկատմամբ հանրության վերաբերմունքի արմատական վերափոխումը:
Համոզված եմ, որ ցանկալի արդյունքի մենք հասնելու ենք մարզային կառույցների, հասարակական կազմակերպությունների, բարեհոգի վայոցձորցիների համախմբված աշխատանքի միջոցով: Իմ գոհունակությունն եմ հայտնում Վայոց ձորի մարզի հաշմանդամների խնդրով մտահոգ բոլոր անձանց և կազմակերպություններին, իրենց Աստվածահաճո գործունեության համար: Հարգելիներս, ձեզ առավել մեծ եռանդ և ուժ՝ երախտագիտության արժանի ձեր ձեռնարկներում:
Իսկ դուք՝ սահմանափակ կարողություններով իմ սիրելի բարեկամներ, hամոզված եղեք, որ մարզային իշխանությունների նպատակն է ստեղծել պայմաններ, որ լիովին պաշտպանված լինեն ձեր իրավունքները, որպեսզի դուք ակտիվ մասնակցություն ունենաք մեր մարզի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն և կյանքի վայելքներին մասնակցության հնարավորություններ: Ձեր հոգիներին՝ խաղաղություն, ընտանիքներին՝ աժանավայել կեցություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13