Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների հարցը
15.11.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների հարցը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական բաժնի մանկաբույժ Լիլիթ Կարապետյանը, Երևանի քաղաքապետարանի թիվ19 պոլիկլինիկայի մանկական գծով փոխտնօրեն Նաիրա Առաքելյանը:
Քննարկվեց ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 2912-Ա <<Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ներդրման վերաբերյալ դասընթացների և խորհրդակցությունների կազմակերպման և իրականացման մասին>> հրամանի իրականացման հարցերը:
Նշվեց, որ սույն թվականի օգոստոսի 31-ին կայացել է պատվաստումների ազգային օրացույցում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ներդրման վերաբերյալ ազգային խորհրդակցություն` մարզպետի տեղակալների, Երևանի քաղաքապետի տեղակալի, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետերի, բժշկական կազմակերպությունների տնօրենների, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական միավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ծրագրի իրականացման շրջանակում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ներդրման գործընթացը, այդ թվում նաև հանրային իրազեկման աշխատանքները լիարժեք կազմակերպելու և իրականացնելու նպատակով ստեղծվել է մարզպետին կից ստեղծել համակարգող խորհուրդ (հանձնաժողով)՝ հետևյալ կազմով․
1. Խաչիկ Գևորգյան-մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ,
2. Արփիար Ղազարյան-մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ,
3. Օֆելյա Բարսեղյան-ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային մասնաճյուղի տնօրեն։
Վերոհիշյալ խորհուրդը համակարգելու է հետևյալ գործառույթները.
1. ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ներդրման միջոցառումներ և հաշվետվությունների պարբերաբար ներկայացում մարզպետին,
2. Մասնագետների խմբի ձևավորում` պատասխանատու մանկաբույժների, գինեկոլոգների, ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի իմունականխարգելման գործընթացի պատասխանատուների մասնակցությամբ,
3. Մասնագիտական խմբի միջոցով բուժաշխատողների համար խորհրդակցությունների (դպրոցներում, բուժհաստատություններում) կազմակերպում և իրականացում,
4. Հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպում և իրականացում մարզերում՝ տեղական ԶԼՄ-ների միջոցով:
Մարզպետի հետ հանդիպումից հետո մազպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում մարզի կրթական, առողջապահական հաստատությունների ղեկավարների և բժիշկ մասնագետների հետ: