Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ ԱԺ-ում <<ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին

03.11.2017

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վարդեւան Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են <<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին>>օրենքի նախագծով ՀՀ տարածքային կառավարման մարմիններին, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտների համար նախատեսված հատկացումները, համայնքներին տրվելիք դոտացիաները:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարներ, ՀՀ մարզպետներ:

Նիստի սկզբում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է քննարկվող ոլորտներին հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները, այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու եւ ՀՀ մարզպետներն անդրադարձել են ոլորտային ծրագրերին, պատասխանել պատգամավորների հարցերին եւ առաջարկներին: Ի թիվս այլ հարցերի, պատգամավորներն առաջարկել են վերանայել Հայաստանի սահմանամերձ համայնքներում, որոշ մարզերում իրականացվող ծրագրերը, նախատեսել միջոցառումներ, որոնք կնպաստեն համայնքների համաչափ զարգացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը եւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ընդհանուր առմամբ կհատկացվի 10,9 մլրդ դրամ: Նախատեսվում է Իրականացնել 23 ծրագիր, որոնցից 13-ը նոր նախաձեռնություններ են:

ՀՀ բնապահպանության նախարարությանը կհատկացվի 4,9 մլրդ դրամ, որը 1,9 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումներից: Նախարարությունը ծրագրել է իրականացնել 20 ծրագիր:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը նախատեսվում է հատկացնել 56,3 մլրդ դրամ: 43,7 մլրդ դրամը որպես սուբվենցիա կհատկացվի Երեւանի քաղաքապետարանին՝ իրականացնելու համար իրեն պատվիրակված լիազորությունները: Մասնավորապես՝ 24 մլրդ դրամ նախատեսվում է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար օգտագործել, մնացած ծրագրերը կիրականացվեն ներքին ռեսուրսների հաշվին:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 57 մլրդ 137 միլիոնից ավելի դրամ, որում ներառված են քաղաքապետարանի կողմից իրականացվող՝ Երեւան քաղաքին պատվիրակված լիազորությունների ծախսերը, սուբվենցիաներն ու դոտացիաները:

ՀՀ մարզպետները նշել են, որ մարզպետարանների պահպանման ծախսերի, մարզերում նախատեսված ծրագրերի իրականացման համար ՀՀ Արարատի մարզին կհատկացվի 7 միլիարդից ավելի դրամ, Արմավիրի մարզին՝ 7 մլրդ 570 մլն դրամ, Արագածոտնի մարզին՝ 5 մլրդ 409 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 7 մլրդ 785 մլն դրամ, Լոռու մարզին՝ 7 մլրդ 953 մլն դրամ, Կոտայքի մարզին՝ 6 մլրդ 948 մլն, 273 հազ. դրամ, Շիրակի մարզին՝ 8 մլրդ 150 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 8 մլրդ 287 մլն, Վայոց ձորի մարզին՝ 2 մլրդ 315 մլն 682 հազ. դրամ, Տավուշի մարզին՝ 6 մլրդ 891 մլն դրամ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նույնպես մասնակցել է <<ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին>> օրենքի նախագծի քննարկմանը:

Աղբյուրը՝  http://www.parliament.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40