Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանը աշխատանքային այց կատարեց ՀՀ Վայոց ձորի մարզ
30.10.2017
Տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանի և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հանդիպմանը հրավիրված էին նաև փոքր ՀԷԿ-երի, ընդերքօգտագործողների և մի շարք այլ տնտեսվարող սուբյեկտների <<Լիդիան Արմենիա>>, <<Եղեգնաձոր>> ՋՕԸ, <<Ջերմուկ գրուպ>>, <<Սյունյաց Վոթը>> ներկայացուցիչներ, ինչպես նաև Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում առկա բնապահպանական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ տեսլականները, մասնավորապես փոքր ՀԷԿ-երի շահագործման, բնապահպանական ռիսկերի նվազեցման, աղբավայրերի շահագործման, <<Ամուլսարի>> մետաղական հանքավայրի շահագործման հետևանքով ենթադրվող բնապահպանական ռիսկերի գնահատման, մարզի կենդանական աշխարհի բազմազանությամբ և գրավչությամբ պայմանավորված որսագողության դեմ պայքարին ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ վտանգված տեսակների պահպանության, որոշ համայնքներում գորշ արջերի և գայլերի հարձակումների արդյունքում բնակչությանը պատճառված վնասները և մի շարք այլ հարցեր։
Մարզպետը շնորհավորեց նոր Տեսչական մարմնի ստեղծման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց իր աջակցությունը ցուցաբերել մարզում բնապահպանական խնդիրների հայտնաբերման, բարձրաձայնման և լուծման գործում։
Տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանն իր խոսքում նշեց, որ կարևորում է փոխհամագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ և ընդգծեց տնտեսվարող սուբյեկտների խնդիրներին տեղում ծանոթանալու, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների վերհանման առաջնահերթությունը։
Կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց արդյունավետ փոխգործակցության համար և պայմանավորվեցին, որ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ։
Հանդիպման ավարտից հետո ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանն այցելեց ՀՀ Վայոց ձորի տարածքային բաժին, շրջայցի ընթացքում ծանոթացավ աշխատանքային պայմաններին, տարածքային բաժնի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատակիցներին փոխանցվեցին տեխնիկական միջոցներ և գույք:
Աղբյուրը՝
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվություն