Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը
30.10.2017
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Իրենց ղեկավարած ստորաբաժանումներում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները: Նրանք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները:
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց մարզում հրատապ խնդիրների լուծման ծրագրով իրականացված շին-վերանորոգման աշխատանքների ավարտական ԱԿՏ-երի ավարտման և մարզի տարածքով անցնող Մ2 մայրուղու վրա տեղակայված օբյեկտների գույքագրման մասին: Մարզպետը քաղաքաշինության վարչության պետին հանձնարարեց՝ գույքագրել նաև համայնքներում կատարվող կառուցապատման և այլ շինարարական աշխատանքների վերաբեյալ տեղեկությունները:
Այնուհետև տեղեկատվություն ներկայացվեց մարզում արտադրված բերքի, կատարված աշնանացանի, գարնանացանի կատարման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Մարզպետը հանձնարարեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին՝ հետևել աշնանացանի աշխատանքներին և վերլուծություն ներկայացնել կանխատեսվող գարնանացանի տարածքների վերաբերյալ:
Քննարկվեց մարզի համայնքապետարաններում իրավական և մասնագիտական ուսումնասիրությունների հետ կապված և 5000 ու ավելի բնակիչ ունեցող համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար պատասխանատուների վերապատրաստման հարցերը: Քննարկվեցին նաև համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզային բուժհատատությունների կողմից էլեկտրոնային բուժսպասարկման նպատակով պայմանագրերի կնքման ընթացքին վերաբերող հարցեր: Քննարկվեց Եղեգնաձոր և Վայք քաղաքների վարժարանները նույն քաղաքների ավագ դպրոցներին միավորելու գործընթացի խնդիրներին, առանձնապես նշված հանրակրթական հաստատություններում աշխատող մանկավարժներին դասաժամերով ապահովելու, մարզային ենթակայության բուժական և կրթական հաստատություններում իրականացվող աուդիտի ուսումնասիրությանը, հողօգտագործման բնագավառում հողերի նպատակային նշանակության փոփոխմանը, մարզի հողային հաշվեկշռում հողերի կատեգորիաների ճշգրիտ արտահայտվածության ապահովմանը, մի շարք անապահով ընտանիքների երեխաներին <<Դիակոնիա>> բարեգործական կազմակերպության կողմից տաք հագուստ տրամադրելու պայմաններին վերաբերող հարցեր: Մարզպետի խորհրդականը տեղեկացրեց, որ Վայոց ձորի համագործակից ՌԴ Արխանգելսկի մարզի հայ համայնքի օժանդակությամբ 0-3 տարեկան մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին կնվիրաբերվեն մանկական օրորոցներ:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը: