Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՌԴ Արխանգելսկի մարզի պատվիրակությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզում
05.10.2017
Այսօր ՌԴ Արխանգելսկի մարզի պատվիրակությունը, Արխանգելսկի մարզի նահանգապետի տեղակալ Ալեքսեյ Անդրոնովի գլխավորությամբ, ՀՀ Վայոց ձորի մարզում էր: Ռուսական պատվիրակության մեջ ընդկրգված էր նաև Արխանգելսկի հայկական համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանը և պաշտոնատար այլ անձինք: Նշենք, որ Արխանգելսի նահանգի պատվիրակությունը Հայաստան է ժամանել 6-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում, որն անցկացվում է 2017 թվականի հոկտեմբերի 5-7-ը Երևան քաղաքում:
Պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի և Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանի ուղեկցությամբ այցելեց Մալիշկա համայնքի N2 Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց: Պատվիրակությանը ուղեկցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը: Նշենք, որ դպրոցը 2013 թվականից ի վեր կրում է ռուս ականավոր և աշխարհահռչակ գիտնականի անունը: Անվանակոչումն իրագործվել է ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության 2012թ. համաձայնագրի շրջանակներում:
Դպրոցի տնօրինությունը հյուրերին ողջունեց ավանդական աղ ու հացով, ինչպես նաև փոքրիկ համերգային ծրագրով:
Այցի շրջանակներում, ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օրլովի հանձնարարությամբ, Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան N2 միջնակարգ դպրոցին հանձնվեց էլեկտրոնային գրատախտակ:
Հատկանշական է, որ այս տարի Արխանգելսկի պատվիրակության այցը համընկավ Ուսուցչի տոնի հետ: Պատվիրակության ղեկավար, Արխանգելսկի նահանգապետի տեղակալ շնորհավորեց դահլիճում ներկա գտնվող ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանալով համբերություն, ուժ, եռանք և քաջառողջություն: Այնուհետև ռուսական պատիվրակության անդամները դպրոցի ուսուցչական կազմին ծաղիկներ նվիրեցին: