Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ

20.09.2017

  Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ը ոսկե տառերով է գրվել հայ ժողովրդի պատմության էջերում: Հիրավի համայն հայության կյանքում այն դարձել է պատմագրական կարևոր տարեթիվ՝ որպես հայոց պետականության վերածննդի օր:
Անկախության հանրաքվեով հայ ժողովուրդն ամրագրեց սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան պետություն ունենալու անօտարելի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ի լուր աշխարհի այլ ժողովուրդների, պետութունների և միջազգային կառույցների, հայտարարեց, որ վերստանձնում է սեփական երկրի ճակատագիրը տնօրինելու պատվաբեր պատասխանատվությունը, ստանձնում է մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները պաշտպանելու, նախնիների ժառանգությանը, ազգային խնդիրներին տեր լինելու և սերունդներին խաղաղ ու ապահով երկիր ժառանգելու պարտականությունը:
Հայ ժողովրդի համար Անկախություն տանող ճանապարհի սկիզբը դժվարին եղավ ՝ 88-ի երկրաշարժի հետևանքների վերացման ծանր շրջան, Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում Արցախի Հանրապետության ազատագրում ու դրան զուգահեռ՝ պետական հաստատությունների ձևավորում և ազգերի համաշխարհային ընտանիքում լիիրավ անդամի իրավունքի իրացում:
Այո՛, ոչինչ մեզ հեշտ չտրվեց, քանզի հաղթանակը կերտվեց մեր քույր-եղբայրների թափած արյամբ, իսկ պետական հաստատությունները ձևավորվեցին երկրի պետական սահմանների շրջափակումով պայմանավորված աննկարագրելի դժվարությունների, մութ ու ցուրտ ձմեռների առկայությամբ: Բայց այդ դժվարությունների արդյունքում ձեռք բերված Անկախությունը անփոխարինելի ու անկրկնելի արժեք է, որը եղել է մեր ազգի դարավոր երազանքը:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկրի ու մեր սիրասուն զավակների ապագան ու անվտանգությունը, ապահովությունն ու բարեկեցությունը պայմանավորված է յուրաքանչյուրիս ներդրած ջանքերով, ուստի մաղթում եմ, որ համախմբված միասնակամությամբ կարողանանք կերտել մեր երազների երկրի՝ Հայաստանի Հանրապետության լուսավոր ապագան և, սերունդներին փոխանցենք հզորացող հայրենիք:
Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ և մաղթում մեր երկրին հարատև խաղաղություն, իսկ ժողովրդին՝ բարօրություն:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45