Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզի դպրոցներում հնչեց առաջին զանգը
01.09.2017
Այսօր Վայոց ձորի մարզի հանրակրթական բոլոր դպրոցներում հնչեց առաջին զանգը, ազդարարելով 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը: Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվել մարզի բոլոր կրթօջախներում:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է սահմանապահ Խնձորուտ, Բարձրունի և սահմանամերձ Մարտիրոս, Սերս և Զառիթափ համայնքների դպրոցներ: Իսկ օգոստոսի 31-ին մարզպետ Հ. Սարգսյանն այցելել էր սահմանապահ Խաչիկ համայնքի դպրոց:
Հ. Սարգսյանը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, բարի երթ մաղթել նրանց մեկնարկող ուսումնական տարում և բարեմաղթանքներ հղել ներկաներին:
Այնուհետև մարզպետը հանդիպում է ունեցել ուսուցչական կոլեկտիվների հետ, ծանոթացել դպրոցներում ուսումնական գործընթացը կազմակերպելու պայմաններին և առկա խնդիրներին:
Մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը եղել է Գետափ համայնքի միջնակարգ դպրոցում:
Մարզի բոլոր դպրոցներում կազմակերվել են սեպտեմբերմեկյան միջոցառումներ, որոնց ներկա են եղել մարզպետարանի ներկայացուցիչները: Նրանք ողջունել են տոնական միջոցառումների մասնակիցներին և ներկաներին փոխանցել ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհավորական ուղերձը:
Գիտելիքի և դպրության տոնին նվիրված միջոցառումներին ներկա են եղել նաև համայնքների ղեկավարներ, զինվորականներ և հոգևոր դասի ներկայացուցիչներ: