Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

30.08.2017

Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ մանկավարժներ և ծնողներ:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 1-ը մեզանում միշտ էլ եղել է տոնական ու նաև սպասված, քանզի յուրաքանչյուր մեկնարկող ուսումնական տարեշրջան դպրոցականների համար մի նոր հնարավորություն է` մեր ոսկեղենիկ այբուբենը յուրացնելու, խորը ու կայուն գիտելիքներ ձեռք բերելու, կարողությունների սահմաններն ընդլայնելու և իմացությունը բազմապատկելու համար:
Հայ ազգն իր ողջ պատմության ընթացքում միշտ էլ առանձնահատուկ հոգածություն է դրսևորել դպրոցի և սեր ու հարգանք տածել ուսուցչի հանդեպ։ Իսկ դպրության, գիր-գրականության և որակյալ կրթության հանդեպ սերը մեր ժողովրդի մեջ փոխանցվում է սերնդեսերունդ:
Ուզում եմ ամենայն սիրով ու ջերմորեն շնորհավորել առաջին դասարանցիներին: Թող, նրանց ոտնամուտը գիտելիքի տաճար լինի բարեբեր: Թող նրանց դպրոցական կյանքը լեցուն լինի անհոգ ու լուսավոր ապրումներով, բազում հետաքրքիր ու գեղեցիկ ակնթարթներով:
Հարգարժա՛ն մանկավարժներ, բարձր գնահատելով ձեր ներդրումը մարզի կրթական համակարգի զարգացման գործում` հաստատ գիտեմ, որ որպես կրթության ու դաստիարակության գործի նվիրյալներ, ձեր սաների հոգում սերմանելու եք վեհ ու համամարդկային գաղափարներ, գործադրելով ամեն ջանք ու եռանդ: Համոզված եղեք, որ ի պատասխան ձեր նվիրական աշխատանքի, մարզային իշխանություններն ամեն միջոց ձեռնարկելու են, որպեսզի ապահովեն ձեր դժվարին, բայց պատվաբեր գործունեության անխափան ռիթմը:
Հարգելի՛ ծնողներ, այս օրը նշանակալի է նաև ձեզ համար: Մաղթում եմ, որպեսզի իրականանան երեխաների հետ կապված ձեր բոլոր իղձերն ու երազանքները:
Սիրելինե՛րս, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ նոր ձեռքբերումներով լեցուն բեղմնավոր ու արդյունավետ ուսումնական տարի:
Բարի երթ նոր ուսումնական տարում:
Աստծու օրհնությունը բոլորիդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40