Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը

28.08.2017

 Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մկրտիչ Մանուկյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրենները, փոխտնօրենները:
Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Հ. Սարգսյանը: Մարզպետը շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթելով արդյունավետ ուսումնական տարի:
Խորհրդակցության օրակարգում ընդկրգված էին հետևյալ հարցերը՝
1. 2016-2017 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում և նոր ուսումնական տարվա խնդիրները (զեկուցող՝ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյան):
2. ՀՀ պետական կրթական քաղաքականության արդի միտումները (ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյան):
3. Ելութներ
4. Հայտարարություններ
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ներկայացնելով մարզի կրթական համակարգի 2016-2017 ուսումնական տարում հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքները, նշեց, որ մարզում գործում է 50 հանրակրթական դպրոց, այդ թվում` 14 հիմնական, 31 միջնակարգ, 3 ավագ, դպրոց և 2 վարժարան: Մարզում 2 ավագ դպրոց և 1 կրթահամալիր գործում են ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ: Նախակրթարաններ ունեցող 14 դպրոցներում ընդգրկված է 172 երեխա, իսկ Ներառական կրթություն իրականացնող 7 դպրոցներում ընդգրկված է 107 երեխա: 2016-2017 ուսումնական տարում մարզի 50 դպրոցներում աշակերտների թիվը կազմել է 6278 աշակերտ: Անցած ուստարում միջնակարգն ավարտել են 479 շրջանավարտներ, որոնցից 225–ը մասնակցել են միասնական քննություններին: Նրանց մոտ 70%-ը ընդունվել են հանրապետության տարբեր պետական բուհեր: Իսկ 2017-2018 ուսումնական տարում 1-ին դասարան կհաճախի 638 երեխա: Մարզի դպրոցներում աշխատում են 1062 ուսուցիչներ, որոնցից 923-ն ունեն բարձրագույն մանկավարժական, կամ բարձրագույն կրթություն ( 87%-ը), մնացած 232-ը՝ միջնակարգ մասնագիտական: Շուրջ 50 ուսուցիչներ ստացել են որակավորման 1-ին աստիճանի տարակարգ, իսկ մեկ ուսուցիչ՝ 2-րդ աստիճանի տարակարգ: Անցած ուստարում հերթական 2-րդ վերապատրաստումն են անցել 113 ուսուցիչներ: Մարզի բոլոր դպրոցներում հաջողությամբ իրականացվում է <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագիրը: 1-4 դասարանների 2348 երեխաներ դպրոցում սնունդ են ստանում: Դպրոցներն ապահովված են համակարգիչներով, դրանց թիվը 891-է: Աշակերտ / համակարգիչ հարաբերակցությունը հետևյալ թվերով է արտահայտված` 7 աշակերտին 1 համակարգիչ: Գործում է ինտերնետ կապը: 1-ին և 2-րդ դասարանների 1189 աշակերտներ ստացել են ուսումնական գրասալիկներ (պլանշետներ), որոնք օգտագործվում են դասի ժամանակ: Ծրագիրը շարունավում է: Նոր 2017-2018 ուստարվա 1-ին դասարանցիները ևս կստանան գրասալիկներ:
Անցած ուստարում դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին 16 առարկաներից մասնակցել են շուրջ 600 դպրոցականներ: Նրանցից 52-ը իրավունք են նվաճել մասնակցելու հանրապետական փուլին, որոնցից 11-ը վերադարձել են դիպլոմներով և գովասանագրերով:

Մարզի 8 դպրոցներում ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության կողմից ներդրվել են ռոբոտաշինության լաբորատորիաներ: Մարզի 5 դպրոցներում տեղադրված են սմարթ դասարաններ և աշխատանքներ տարվում են մյուս դպրոցներում ևս նման դասարաններ ստեղծելու ուղղությամբ:
Մարզի սոցիալապես անապահով, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, աշխարհազորայինների ընտանիքների և ծնողազուրկ 195 երեխաներ իրենց ամառային հանգիստն են անցկացրել Հանքավանի <<Հասմիկ>> ճամբարում: Իսկ մարզի սահմանամերձ 4 բնակավայրերի դպրոցների բոլոր աշակերտների դասագրքերը նոր ուստարում կտրամադրվեն անվճար: Վարչության պետը փաստեց, որ մարզում հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ չկան:
Վարչության պետը նշեց, որ մարզի դպրոցների մեծ մասը հիմնանորոգված են (40 դպրոցներ) և հիմնավորապես լուծված է ջեռուցման խնդիրը: 19 դպրոցներ ջեռուցվում են գազի լոկալ կաթսայատան միջոցով, մնացածները էլեկտրական ջեռուցիչներով:
Ա. Ղազարյանը խոսեց դպրոցների զարգացման ծրագրերի մասին: Այս առիթով մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ դպրոցի տնօրենի աշխատանքի գնահատականը մեծապես պետք է պայմանավորված լինի դպրոցակական առարկայական օլիմպիադաների և շրջանավարտների ընդունելության արդյունքներով: Խոսվեց նաև ՀՀ ԿԳ նախարարի կողմից առաջարկվող <<Ուսուցիչ>> ծրագիրը կյանքի կոչելու մասին:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր խոսքում անդրադարձավ հանրակրթական ուսուցման համակարգային փոփոխություններին և բարեփոխումներին: Փոխնախարարն իր խոսքում ներկայացրեց <<Ուսուցիչ>> ծրագրի բաղադրիչները, ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունների կարգում սպասվելիք փոփոխությունները, ինչպես նաև դպրոցների ֆինանսավորման նոր կարգը: Մ. Մկրտչյանը խոսեց նաև բազմահամակարգ դասարանների, հեռավար ուսուցման կազմակերպման խնդիրների մասին: Անդրադարձ եղավ նաև դպրոցների կառավարման խորհուրդների գործունեության արդյունավետության ապահովման հարցերին: Ամփոփելով իր ելույթը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը շնորհավորեց ներկաներին գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Խորհրդակցության ամփոփիչ խոսքում մարզպետ Հ. Սարգսյանն անդրադարձավ դպրոցները  առարկայական մասնագետներով համալրելու նպատակով կազմակերպվող մրցույթներին և հանձնարարեց տնօրեններին՝ անել ամեն հնարավորը դպրոցները երիտասարդ ու գրագետ կադրերով ապահովելու համար: Հ. Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհավորեց ներկաներին 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, հույս հայտնելով, որ մարզի կրթական համակարգի մտավոր ներուժը կբավարարի մարզում ապահովելու ուսուցման բարձր որակ, ինչպես նաև դաստիարակելու հայրենիքին ու հայոց պետականության նվիրված սերունդ: Նա բոլորին մաղթեց արդյունավետ ուսումնական տարի և բեղմնավոր աշխատանք:
Վերջում ՀՀ ԿԳՆ հուշամեդալով  պարգևատրվեցին սահմանապահ Բարձրունի համայնքի դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը և Վայքի հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Գալինա Խաչատրյանը:  Սիրված ուսուցչուհին մեկնեց վաստակած հանգստի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58