Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն մարզի ղեկավարի գլխավորությամբ
01.08.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց մարզի բոլոր համայնքներում իրականացնել մանրամասն վերլուծություն և հաշվառում՝ ընդգրկելով Վայոց ձորի մարզի տնտեսության բոլոր ճյուղերը՝ քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, ֆինանսներ, զբաղվածություն, հողաշինություն և այլն: Հ. Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց այցելել համայնքներ և տեղում իրականացնել հաշվառումը: <<Պետք է վեր հանել մեր համայնքներում առկա բոլոր խնդիրները, մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները պետք է լինեն հետևողական: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել ռեալ և շոշափելի առաջընթացի և փոփոխությունների>>,- իր խոսքում նշեց մարզի ղեկավարը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային առողջապահական կազմակերպություններում իրականացվող սկրինինգային ուսումնասիրություններին: Անդրադարձ կատարվեց առողջապահության ոլորտում վճարովի ծառայություններից մուտքագրված գումարների ցածր ցուցանիշներին և քննարկվել դրանց ավելացման հնարավոր ուղիները: Խոսվեց նաև հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվելիք շինարարական աշխատանքներին, համայնքների կողմից տրված շինթույլտվություններին, մարզում բերքահավաքի ընթացքին, ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության նախապատրաստական աշխատանքներին, ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրություններին վերաբերող հարցեր:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը: