Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նախագահը դիտել է <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները
24.07.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները:
<<Լավագույն մարզական ընտանիք-2017>> մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում: Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մասնակցել է 1516 ընտանիք կամ 4548 մարդ: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք՝ Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, նաև գավաթներ՝ Երևանի, Արցախի և Հանրապետության մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի և հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից ստացել են խրախուսական նվերներ:
<<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի կազմակերպիչները, որպես երախտագիտություն, Նախագահ Սերժ Սարգսյանին են հանձնել գավաթ-հուշանվեր՝ «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառմանը Հանրապետության Նախագահի հոբելյանական 10-րդ այցի և միջոցառմանը մշտապես աջակցելու, մասնակիցներին խրախուսելու համար:
Ս.թ. փետրվար ամսից մինչև դեկտեմբեր ամիս Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>>, <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>>, <<Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն>> մրցույթներին, ինչպես նաև 7 մարզական մասսայական նոր միջոցառումներին, ըստ կազմակերպիչների, մասնակցելու են 81 192-ից ավելի երեխաներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ:
Սերժ Սարգսյանը ողջունել է <<Մարզական ընտանիք>> մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթել նոր հաջողություններ:
<<Լավագույն մարզական ընտանիք>> հանրապետական մրցույթի հարգելի՛ մասնակիցներ,
Ես մեծ սիրով շնորհավորում եմ այս մրցույթում մրցանակների արժանացած ընտանիքներին ու նաև, իհարկե, շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, որովհետև ընտանիքով այսպիսի մրցություններին մասնակցելն արդեն մեծ հաջողություն է: Եվ այս զանգվածային սպորտային միջոցառումներին մասնակցելը ոչ միայն մեզ պարգևում է առողջություն, այլ նաև լավ տրամադրություն, հաստատակամություն, հավատ ապագայի նկատմամբ:
Ուզում եմ, որպեսզի բոլորդ նայեք այս երեխաների աչքերին. տեսեք՝ ինչքան լույս է ճառագում, տեսեք՝ ինչքան վստահություն և ուրախություն կա, ուրեմն այն, ինչ որ կատարվում է, տեղին է, անհրաժեշտ է, և մենք պետք է մեր հանրապետությունում պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ՝ մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, տարածքային կառավարման նախարարությանը, մեր՝ այստեղ ներկա գտնվող Երևանի քաղաքապետին, մարզպետներին, օլիմպիական կոմիտեի նախագահին, որ կազմակերպել և անցկացրել են այս միջոցառումը:
Բոլորիդ շնորհավորում եմ և շատ շնորհակալ եմ>>,-ողջույնի խոսքում ասել է Հանրապետության Նախագահը:
Աղբյուրը՝ http://www.president.am, 22. 07.2017