Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հարությունը Սարգսյանը Զառիթափ համայնքում հանդիպում ունեցավ <<Վայոց ձոր մսամթերք>> ՍՊԸ տնօրեն Սիրեկան Բաբայանի հետ

21.07.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարությունը Սարգսյանը հանդիպում ունեցավ Զառիթափ համայնքում  գործարկվող <<Վայոց ձոր-մսամթերք>> ՍՊԸ սպանդանոցի տնօրեն Սիրեկան Բաբայանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը:
Սպանդանոցի կառուցման աշխատանքները սկսվել են դեռևս 2014 թվականին: Սպանդանոցը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող  <<Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում>> ծրագրի շրջանակներում:
2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով կատարված ներդրման արդյունքում ավարտին են հասցվել շենքի շինարարական և սարքավորումների տեղադրման աշխատանքները: Սպանդանոցը հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Այստեղ առկա են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, կան առանձնացված տարածքներ և սարքավորումներ մանր և խոշոր եղջերավոր անասունների համար: Անասուների մորթն իրականացվելու է էլեկտրական սարքավորումների միջոցով: Շենքում առանձնացված է նաև տարածք լաբորատորիայի համար: Սպանդանոց մուտք գործելուց առաջ անասուններն անցնելու են լաբորատոր ստուգում, որից հետո միայն իրականացվելու է մորթը:
Սպանդանոցն աշխատելու է 2 հերթափոխով: Մեկ հերթափոխի տևողությունը 8 ժամ է, որից հետո 1 ժամ տրամադրվում է սանիտարահիգիենիկ աշխատանքներին: Յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում նախատեսվում է իրականացնել 70 գլուխ ոչխարի և 30 գլուխ տավարի մորթ և մթերում:
Սպանդանոցի տնօրեն Ս. Բաբայանը նշեց, որ սպանդանոցը Իրանի Իսլամական Հանրապետության հետ 7000 գլուխ մանր եղջերավոր անասունների մորթի և արտահանման պայմանագիր ունի:

Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ է նախատեսված հեռավոր գյուղերի անասունների՝ սպանդանոց հասցնելու հետ կապված: Ս. Բաբայանը նշեց, որ սպանդանոցը տրամադրում է անասունների և մսի տեղափոխման ծառայություններ, որի համար առակա են հատուկ սառնարանային մեքենաներ:
Հանդիման ընթացքում խոսվեց նաև ներքին շուկայում մթերման հետ կապված գնային քաղաքականության մասին: Այս կապակցությամբ մարզի ղեկավարը նշեց. <<Կարևոր է ձեռք բերել բնակչության վստահությունը, ամրապնդել այն: Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք շահավետ կլինեն թե մթերողի, թե գյուղացու և թե սպառողի համար>>:
Սպանդանոցը նախատեսվում է գործարկել օգոստոսի 1-ին՝ 30 հոգուց բաղկացած անձնակազմով:
Նմանատիպ ժամանակակից սարքավորումներով հագեցած սպանդանոցների շահագործումը հնարավորությունն է տալիս կանխարգելել գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները, սպառողների համար առավել անվտանգ ու որակյալ արտադրանք ապահովել և վերացնել բակային մորթը:
ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N 10 արձանագրային որոշմամբ հստակեցվել են պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներն և ժամանակացույցը: 2017 թվականի մայիսի 1-ից իրականացվում է պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում, 2017 թվականի նոյեմբերի 1-ից որոշումը գործելու է մսամթերքի արտադրության (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) և տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանման ոլորտներում:
 2018 թվականի հունիսի 1-ից որոշումը տարածվում է նաև հանրապետության բոլոր մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերի վրա, իսկ 2018 թվականի հուլիսի 1-ից՝ հանրային սննդի կազմակերպման օբյեկտների վրա (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12