Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Լոքյան. <<Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած շատ ավելանալու է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին>>

19.07.2017

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար:
Համաժողովին մասնակցել են նաև ECORYS Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի և քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաև տարածքային զարգացման և համայնքների խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին, նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է համաժողովի դերը տարածքային զարգացման հարցում, ասել, որ այսօր Հայաստանը գտնվում է տարածքային անհամաչափությունը հավասարեցնելու ճանապարհին և այս համատեքստում կարևորել է Եվրամիության իրական, գործնական և լրջագույն օգնությունը Հայաստանին ամբողջ գործընթացն իրականացնելու համար:

2016 թվականին ՀՀ 2016-2025 թթ տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո արդեն կառավարությունը հաստատել է 10 մարզերի ռազմավարությունները: Տեղեկացնելով այս մասին, նախարարը վստահեցրել է, որ պետությունը շատ լուրջ է վերաբերվում տարածքային զարգացմանը և համաչափության ապահովմանը, հիշեցրել, որ կառավարության նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ամենահիմնական հարցերից մեկն առանձնացրել և ֆիքսել է երկրի տարածքների համաչափ զարգացումը:

<<Այսօր, երբ մենք այս ամբողջ պրոցեսը հասունացրել ենք և արդեն գործնական կիրառման դաշտ ենք մտնում, մեր ջանքերի համախմբումը խիստ կարևոր է: Արդեն ավարտում ենք մարզերում համաչափությունն ապահովելու և զարգացում ապահովելու համար ֆինանսական կառույցի փաստաթուղթը: Մեր համապետական բյուջեի ներսում մենք ոչ ուղղակիորեն առանձնացնելու ենք տարածքային զարգացման ֆինանսավորման միջոցները, հետո համապատասխան նախարարությունները համաձայնեցնելով հարցերը մարզերի, մարզպետների և համապատասխան հոգաբարձուների խորհրդի հետ, որից հետո միայն սկսվելու են իրականացվել ներդրումները: Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած շատ ավելանալու է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին, որը պետք է ապահովի ՀՆԱ, որը պետք է ապահովի աշխատատեղ և ավելացված արժեք: Իսկ 30 տոկոսը սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներին: Այս հարաբերակցությունն է ֆիքսել պետությունը, կառավարությունը, որով և մենք առաջնորդվելու ենք>>,-ասել է Դ. Լոքյանը, տեղեկացնելով, որ մինչև սեպտեմբեր սկսելու են արդեն գործառնական ծրագրերի քննարկումները: Նախարարը հայտարարել է, որ տարածքային զարգացումը արդյունավետ չի կարող լինել, եթե տեղական դերակատարները` հատկապես համայնքները չակտիվանան:

Ռոբերտ Գիրեյկոն իր ելույթում նկատել է, որ տարածքային զարգացման հարցերի հետ կապված համագործակցությունն ավելի ինտենսիվ է դարձել: <<Այսօր Հայաստանն իրականացնում է ժամանակակից տարածքային զարգացման քաղաքականություն, դրանում կարող ենք համոզվել եվրոպական երկրների կամ այլ երկրների հետ համեմատելիս: Հայաստանում առաջընթացն այս ոլորտում վերջին 2-3 տարիներին ահռելի է եղել>>,-ասել է Ռ. Գիրեյկոն, վստահեցրել, որ շարունակելու են համագործակցությունը ՀՀ ՏԿԶ նախարարության հետ:

Համաժողովի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի տարածքային զարգացման բարեփոխումների ընթացքին, ներկայացվել են ԵՄ փորձնական տարածքային զարգացման ծրագրի հիման վրա ձևավորված մոդելներ: Համաժողովի երկրորդ օրը մասնակիցներն այցելելու են Դիլիջան և Գյումրի, որտեղ հնարավորություն են ունենալու ավելի խորը ծանոթանալ տարածքային զարգացման միջամտությունների ժամանակակից ինտեգրված մոտեցումներին:

Աղբյուրը՝ http://mtad.am, 19.07.2017

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40