Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զորահանդես նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 20-րդ տարեդարձին

08.07.2017

2017 թվականի հուլիսի 8-ին Եղեգնաձոր քաղաքում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 20-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը, Վայոցձորցի բարերար Սամվել Սարգսյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, զորամիավորումների հրամանատարներ, ՊՆ ԳՇ վարչությունների պետեր, ազատամարտիկներ, պետական այրեր:
Հանդիսավոր միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Գնդապետը ներկայացրել է զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները: Գնդապետ Քոչարյանը նշել է, որ զորամիավորման անձնակազմը իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը, այնիրականացնելով մեծ պատասխանատվությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զորամիավորման կազմավորման տարեդարձը ևս մեկ առիթ է հետադարձ հայացք նետելու և իրավամբ հպարտանալու զորամիավորման անցած ճանապարհով:
Չորրորդ բանակային զորամիավորման կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ զինվորականներին և ներկաներին շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարության ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը: Շնորհավորական ելույթով հանդես է եկել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, իսկ օրնության խոսք է հնչեցրել Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Անդրադառնալով Հայոց բանակի մարտունակությանը և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարություններին և հակառակորդի ագրեսիվ գործողություններին` բոլոր ողջունողներն իրենց խոսքում վստահեցրել են, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր հայ զինվորը պատվով է կատարում իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր, առանց երկնչելու` զսպող մեխանիզմների միջոցով կանխելով հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի անհաջող գործողությունները:
Զորահանդեսին մասնակցում էին բազմաթիվ վայոցձորցիներ և հյուրեր բազմապատկելով ժողովրդի ծոցից ծնունդ առած և նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող ազգային բանակի 4-րդ զորամիավորման հոբելյանական տարեդարձի տոնակատարության ուրախությունն ու հպարտությունը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն: Զորամիավորման մի շարք զինծառայողներ, պահեստազորի սպաներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Հանդիսավոր միջոցառման ընթացքում եղել են զինվորականների ֆիզիկական պատրաստության ցուցադրական ելույթներ: Այն եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով: Ներկաներին ողջունել են նաև գեղարվեստական համարներով՝ ռազմահայրենասիրական երգերի ու ազգային պարերի կատարումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40