Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ
04.07.2017

Սիրելի հայրենակիցներ:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Սահմանադրությունը պետությունների իրավական հարաբերությունների Մայր օրենքն է՝ յուրաքանչյուր պետության իրավական հիմնաքարը: Այն հանդիսանում է պետականության ապահովման հենքն ու հիմնակառույցը: Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
Սահմանադրությունը սահմանում է երկրի քաղաքական, իրավական, տնտեսական հիմունքները և հանդիսանում է քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության հիմնական երաշխիքը:
1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Այնուհետև 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումները, որոնք ավելի կատարելագործեցին մեր երկրի Մայր օրենքը՝ այն առավել համահունչ դարձնելով ժողովրդավարական պետությունների գործունեության համար միջազգայնորեն սահմանված ժամանակակից չափանիշներին:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն լինելու փաստն ամրագրվեց 22 տարի առաջ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երկրի կայացման գլխավոր փաստաթղթի՝ ՀՀ Սահմանադրության ընդունմամբ:
Հարգելիներս, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ, ցանկանում եմ, որպիսի բոլորս հարգենք ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները՝ ամրապնդելով Հայոց անկախ պետականության հիմքերը: