Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումներին

04.07.2017

 Հուլիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Վարդան Բոստանջյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվել է 2016 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացված ծախսերի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Օհանյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն անդրադարձել են իրականացված ծրագրերին եւ ոլորտներում արձանագրված արդյունքներին:

Կրթության բնագավառի ծախսերը կազմել է 122.4 մլրդ դրամ, կատարողողականը՝ 97.3 տոկոս: Հիմնական ծախսերն իրականացվել են հանրակրթության ոլորտում՝ կազմելով շուրջ 90 մլրդ դրամ: Նախարարությունն աշխատանքներ է իրականացրել ՀՀ ամբողջական կրթակարգի ձեւավորման ուղղությամբ. Համաշխարհային բանկի աջակցությամբ սկսվել է կրթակարգի բարեփոխման աշխատանքը: Հաշվետու տարում հանրակրթության բնագավառում չափորոշիչային քաղաքականության վերանայման եւ կրթության որակի ապահովման հարցում հստակեցման անհրաժեշտություն է առաջացել:

ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեն հաշվետու տարում իրականացրել է 15 ծրագիր, արձանագրվել է 12.8 մլրդ դրամի փաստացի ցուցանիշ՝ կատարողականը կազմելով ծրագրային ցուցանիշի 98.75 տոկոսը: Գիտության բնագավառում ծախսերը կազմել են 14 մլրդ 15 մլն դրամ՝ ծրագրային ցուցանիշի 99 տոկոսը:

Մշակույթի ոլորտում ծախսերը կազմել են 26.6 մլրդ դրամ: Մշակույթի նախարարությունը պատասխանատու է եղել 49 ծրագրի իրականացման համար, բյուջեից օգտագործվել է 14.1 մլրդ դրամ՝ արձանագրելով 98.7 տոկոս կատարողական: ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ նպատակային 41 մշակութային ծրագիր է իրականացվել տարբեր ոլորտներում: Ապահովվել է մեր երկրի մասնակցությունը միջազգային ծրագրերին:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված են եղել 6.1 մլրդ դրամի միջոցներ, կատարողականը կազմել է 99.4 տոկոս: Բյուջետային միջոցներն ուղղվել են 36 բյուջետային ծրագրերի ֆինանսավորմանը: Նախարարությանը միջոցներ են հատկացվել նաեւ պահուստային ֆոնդից:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի պահպանման ծախսերի համար փաստացի ֆինանսական միջոցների օգտագործումը կազմել է 258.6 մլն դրամ:

Հանրային հեռուստաընկերության համար հատկացվել է 6.5 մլրդ դրամ, արձանագրվել է 99.83 կատարողական: Պահուստային ֆոնդից եւս միջոցներ են հատկացվել: Ընկերությունը պատասխանատու է եղել 11 ծրագրի իրականացման համար:

Նույն օրը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Վարդեւան Գրիգորյանը եւ Գագիկ Մինասյանը, քննարկվել են նախորդ տարում վերոնշյալ ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները, ծրագրերն ու անելիքները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ոլորտներում նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են, եւ չի եղել որեւէ չֆինանսավորված ծրագիր: Նա տեղեկացրել է, որ հաշվետու տարում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատասխանատու է եղել 21 ծրագրի իրականացման համար, այդ նպատակով նախատեսվել է 15,44 մլրդ դրամ, օգտագործվել է 14,7 մլրդ դրամ, կատարողականը՝ 122,6 տոկոս: Փոխնախարարի խոսքով՝ որոշ ծրագրեր իրականացվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ: Սննդի անվտանգության ծառայությանը հատկացվել է 1,8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95,2 տոկոս, իրականացվել է 11 ծրագիր: ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է 27 ծրագիր, որի համար հատկացվել է 3 մլրդ 52 մլն դրամ, կատարողականը կազմել է մոտ 98 տոկոս:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 47 բյուջետային ծրագիր, որի համար հատկացվել է 45,5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 97,6 տոկոս:

ՀՀ մարզերում բյուջետային ծրագրերի իրականացման համար պատասխանատու է եղել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը: Երեւանին, պատվիրակված ծրագրերի իրականացման համար 37,8 մլրդ դրամ է հատկացվել, այստեղ եւս ծրագրային ցուցանիշը փոքր-ինչ գերակատարվել է, ինչը եւս պայմանավորված է արտաքին աջակցությամբ: Միգրացիոն պետական ծառայությանը հատկացվել է 255 մլն դրամ, ծրագրերի կատարողականը կազմել է 96,12 տոկոս:

Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նաեւ ՀՀ մարզերին ֆինանսական հատկացումները՝ նշելով, որ բոլոր մարզերում ծրագրերի կատարողականը մոտ է եղել 100 տոկոսին եւ ֆինանսական միջոցները հիմնականում օգտագործվել են կրթության, մասնավորապես հանրակրթության բնագավառում, իրականացվել է մարզային նշանակության ճանապարհների ձմեռային պահպանությունն եւ շահագործումը, որոշ ծրագրեր են իրականացվել մշակույթի եւ սոցիալական ապահովության բնագավառներում եւ այլն:

ՀՀ Արագածոտի մարզին հաշվետու տարում հատկացվել է 5,9 մլրդ դրամ, կատարողականը՝ 98,5 տոկոս:

ՀՀ Արարատի մարզին հատկացվել է 8,6 մլրդ դրամ, կատարողականը՝ 96,41 տոկոս, իրականացվել է 21 բյուջետային ծրագիր:

ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 8,8 մլրդ դրամ, օգտագործվել է 8,7 մլրդ դրամ, կատարողականը՝ 98,8 տոկոս:

ՀՀ Գեղարքունիքի մարզին հատկացվել է 8,3 մլրդ դրամ, իրականացվել է 27 բյուջետային ծրագիր, կատարողականը կազմել է 98,37 տոկոս:

ՀՀ Լոռու մարզին հատկացվել է 8,5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,7 տոկոս, իրականացվել է 24 բյուջետային ծրագիր:

ՀՀ Կոտայքի մարզին հատկացվել է 7,4 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,3 տոկոս, իրականացվել է 21 ծրագիր:

 

 

 

ՀՀ Շիրակի մարզին հատկացվել է 10,4 մլրդ դրամ, օգտագործվել է 10,3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,1 տոկոս, իրականացվել է 29 բյուջետային ծրագիր:

ՀՀ Սյունիքի մարզին հատկացվել է 5,9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98,5 տոկոս, իրականացվել է 28 ծրագիր:

ՀՀ Վայոց ձորի մարզին հատկացվել է 2,6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99 տոկոս, իրականացվել է 22 ծրագիր:

ՀՀ Տավուշի մարզում բյուջետային ծրագրերի իրականացման համար օգտագործվել է 5,9 մլրդ դրամ, իրականացվել է 17 ծրագիր: Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ մարզերին հատկացումներ են կատարվել նաեւ պահուստային ֆոնդից:

Կատարված ծրագրերի, անելիքների եւ ոլորտների խնդիրների մասին խոսել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ՀՀ մարզպետները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40