Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անհետ կորած ազատամարտիկների օրվա կապակցությամբ ընունելություն Վայոց ձորի մարզպետարանում

29.06.2017

 Այսօր Անհետ կորած ազատամարտիկի օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքից անհետ կորած ազատամարտիկներ Վարդան Սամվելի Հովհաննիսյանի, Էդվարդ Լևուշի Սարդարյանի, Բարձրունի համայնքից՝ Արսեն Արտուշի Ստեփանյանի, Շատին համայնքից ՝ Յուրիկ Սաղաթելի Հարությունյանի, Արթուր Յուրիկի Հարությունյանի, Երվանդ Կառլենի Գեղամյանի հարազատներին (բացակայում էին Ջերմուկից անհայտ կորած Արթուր Դավթի Գալստյանի հարազատները, ՌԴ-ում գտնվելու պատճառով):
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և պատասխանատու աշխատողներ, մարզի տարածաշրջանների զինկոմները կամ ներկայացուցիչներ, Գետափ համայնքի ղեկավարը:
Հանդիպման սկզբում մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ բոլորի պարտքն է հարգել 1990-ականներին հայրենյաց սահմաններում թշնամու դեմ մարտնչող և մինչ այսօր անհետ կորած ազատամարտիկների պայծառ հիշատակը: Մարզպետը մխիթարանքի խոսքեր ասաց անհետ կորած ազատամարտիկների ծնողներին և հարազատներին, նշելով, որ հասկանում են՝ թե որքան դժվար է յուրաքանչյուր բացվող առավոտ սպասումով նայել հարազատ որդու կամ եղբոր վերադարձի ճանապարհին: Սակայն պետք է մխիթարվել այն մտքով, որ նրանք գնացել են հայրենիքի սահմաննների պաշտպանության և հարազատ օջախների խաղաղության ապահովման նպատակով և մեզանից հեռացել են անվերադարձ ու դարձել հավերժի ճամփորդներ: Նրանց հիշատակը միշտ վառ է մնալու իրենց հայրենակիցների հիշողություններում, բայցև ամեն օր մենք սպասելու ենք նրանց վերադարձին և շարունակելու ենք ապրել, որովհետև միայն ապրելով է հնարավոր մահին հաղթել:
Գնդապետ Վ. Քոչարյանը շնորհակալություն հայտնեց անհետ կորածների հարազատներին ամուր կամք դրսևորելու, սպասման ցավին դիմանալու և կյանքի նկատմամբ ունեցած սիրո ու հավատի համար: Նա նշեց, որ անհայտությունն ամենադաժան երևույթն է, որին դիմակայելու համար անսահման հավատ է հարկավոր:
Ծնողներն ու հարազատներն իրենց մտահոգություններով կիսվեցին ներկաների հետ: Նրանք շնորհակալություն հայտնեցին մարզպետին ցուցաբերած ուշադրության և ֆինանսական օժանդակության համար: Ի պատասխան նրանց շնորհակալության, մարզպետը նշեց, որ անհետ կորած ազատամարտիկների ընտանքիների հանդեպ հոգատար վերաբերմունքը պետականորեն է ցուցաբերվում և հավելեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետն ու մարզպետարանի բոլոր աշխատակիցները պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով օգտակար լինելու անհայտ կորածների ընտանիքներին:
Վերջում հանդիպման մասնակիցներն ուղևորվեցին եղեգնաձորյան եռաբլուր, ծաղիկներ խոնարհեցին անհետ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին և հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին: Հուշաքարի մոտ անհետ կորածների հիշատակին օրհնության խոսք հնչեցրեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:09:43