Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ
21.06.2017
Հարգելի բուժաշխատողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրական մասնագիտությունն է, քանզի մարդու առողջության պահպանման կարևորագույն գործն իրականացնում են բժիշկները և առողջապահության ոլորտի մյուս աշխատողները:
Դուք եք հույս ներշնչում օգնության կարիք ունեցող հիվանդներին՝ հավատալու հիվանդությունը հաղթահարելու դժվարին ճանապարհի վերջին ակնկալվող լույսին: Դուք եք կյանք պարգևում մարդկանց, ապահովելով լույս աշխարհ եկող մանուկների ու նրանց լույս աշխարհ բերող մայրերի կայուն առողջությունը: Յուրաքանչյուր անձ աշխարհ գալու իր առաջին ճիչն արձակում է ուղղակիորեն ձեր հոգատար ափերի մեջ:
Մասնագիտական տոնը ևս մեկ առիթ է, գնահատելու և շնորհակալության խոսքեր ասելու ձեզ՝ ձեր անքուն գիշերների և հիվանդի կյանքի համար մղվող տագնապով լեցուն անցկացրած յուրաքանչյուր վայրկանի համար: Շնորհակալություն Ձեզ, ամենաշնորհակալ Ձեր գործունեության համար:
Ցանկանում եմ սիրով ու խորին հարգանքով մասնագիտական տոնի կապակցությամբ առաջնահերթորեն առողջություն մաղթել հենց ձեզ, որպեսզի դուք կարողանաք լիարժեքորեն իրականացնել ամենամարդասիրական ու պատասխանատու առաքելությունը՝ մարդկանց առողջության պահպանումը:
Վայոց ձորի մարզի հարգելի բուժաշխատողներ, համոզված եմ, որ դուք անելու եք հնարավոր ամեն բան, մեր մարզի ազգաբնակչության բուժսպասարկումը պատշաճորեն իրականացնելու, ինչպես նաև սպասարկման ծառայությունների որակը շարունակական կերպով բարելավելու նպատակով:
Դուք էլ համոզվա՛ծ եղեք, որ մարզային իշխանություններն էլ իրենց հերթին, օգտվելով առողջապահության բնագավառում նախատեսված ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի ընձեռած հնարավորությունից, հնարավոր բոլոր քայլերը կձեռնարկեն ՝ Վայոց ձորի մարզային առողջապահական կազմակերպություններում աշխատանքային պայմանները բարելավելու և դրանք բժշկական ժամանակակից սարքավորումներով վերազինելու ուղղությամբ:
Հարգելիներս, կրկին շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և մաղթում եմ առողջություն ու անձնական երջանկություն, աշխատանքային հաջողություններ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: