Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տարեվերջյան հաշվետու համերգ Վայքի Խ. Ներսիսյանի անվան արվեստի դպրոցում
16.06.2017
Երեկ Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցում, մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի, տեղի ունեցավ դպրոցի սաների տարեվերջյան հաշվետու համերգը:
Մինչ համերգը ներկաները մասնակցեցին արվեստի դպրոցի նկարչական բաժնի սաների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, որը տեղի ունեցավ դպրոցի գեղարվեստի բաժնի ցուցասրահում:
Համերգի ընթացքում դպրոցի սաները հանդես եկան տարբեր ժանրերի երաժշտական կատարումներով: Ներկայացվեց դասական գործեր, հայկական ժողովրդական և ազգագրական երգեր, ինչպես նաև ազգային նվագարաններով (դուդուկ, շվի, քանոն, դհոլ) կատարումներ: Համերգն ավարտվեց դպրոցի ուսուցիչների երգչախմբային կատարումով:
Համերգի ավարտին ներկաներին ողջունեց, իսկ դպրոցի սաներին իրենց գեղեցիկ կատարումների համար շնորհակալություն հայտնեց դպրոցի նորանշանակ տնօրեն Հասմիկ Առաքելյանը: Երիտասարդ տնօրինուհին ներկայացրեց տարվա ընթացքում իրենց սաների ուժերով կազմակերպված մշակութային միջոցառումների մասին հակիրճ տեղեկատվություն և նշեց, որ միջոցառումներին մասնակցել են դպրոցի բոլոր սաները՝ երաժշտական բաժինների 112 և նկարչական բաժնի 28 աշակերտները: Ներկաներին ողջունեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Սրտի ու շնորհակալանքի խոսք ասաց դպրոցի վոկալ բաժնի երկարամյա մանկավարժ Գենիկ Գասպարյանը:
Փոխադարձ այցելությամբ համերգին հյուրընկալվել էին Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի ներկայացուցիչները, դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի այլ պաշտոնյաներ, Վայքի համայնքապետարանի ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր և հասարակայնության արվեստասեր անդամներ:
Մեզ մնում է հաջողություններ մաղթել արվեստի դպրոցի համերաշխ կոլեկտիվին և շնորհալի սաներին: