Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
13.06.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները և հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվելիք շին-վերանորոգման աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթներին, համայնքներում տրվող շինթույլտվություններին, Շատին համայնքում մանկապարեզ կառուցելու վերաբերյալ կայացված որոշմանը, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի գործողությունների շրջանակում մարզի բոլոր համայնքներում ու բնակավայրերում աղբահության աշխատանքների կատարմանը, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի բաշխմանը, մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքների կողմից ձեռք բերված գյուղտեխնիկայի նպատակային օգտագործմանը, մարզային առողջապահական կազմակերպություններում իրականացվող սկրինինգային հետազոտությունների ընթացքին, առողջապահական հաստատությունների ֆինանսական առողջացման ծրագրին, մարզում օձի խայթոցների հինգ դեպքերում իրականացված բուժօգնությանը և խայթոցի դեմ օգտագործվող դեղամիջոցի ձեռքբերմանը, միասնական և ավարտական քննություններին, դպրոցականների ամառային հանգստի առաջին փուլի կազմակերպմանը, <<Սերմերի գործակալության>> հետ պարտքի վերադարձման վերաբերյալ հաշտության պայմանագրի կնքմանը, Ռինդի ճանապարհի սողանքի վերաբերյալ համապատասխան ատյաններին տեղեկատվություն տրամադրելուն, Գլաձոր և Վերնաշեն համայնքների ավտոճանապարհների ընթացիկ վերանորոգումներին և փոսալցման աշխատանքներին, մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից ՀՀ ՎՁ մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում իրականացվելիք ուսումնասիրության ընթացքին, հողօգտագործման բնագավառին, մարզի ՆԳ բաժիններում հաշվառված անչափահասների հետ դպրոցներում տարվելիք աշխատանքներին, ամառային զորակոչի կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը, որը նախորդ շաբաթվա ընթացքում գործուղումով եղել է Ալբանիայի և Մակեդոնիայի հանրապետություններում և ծանոթացել նշված պետությունների վարչական շրջանների զարգացման ռազմավարական ծրագրերին, ներկայացրեց այդ ծրագրերի և մեր մարզի զարգացման ռազմավարական ծրագրի գաղափարական և տնտեսական հնարավորությունների համեմատական նմանություններն ու տարբերությունը:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը: