Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում

06.06.2017

 Հունիսի 5-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում կայացել է ՀՀ կառավարության հեղինակած <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> եւ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> օրենսդրական փաթեթի նախնական քննարկումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ մի շարք համայնքների ղեկավարներ: Օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախատեսվում է քննարկել հունիսի 7-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի գնահատմամբ՝ քննարկվող օրենսդրական փաթեթը հանրային մեծ հնչեղություն ունի, ուստի նախատեսվում է, որ պատգամավորների, համայնքների ղեկավարների, ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ համատեղ եւ օբյեկտիվ քննարկումը կտա հանրությանը հուզող հարցերի պատասխանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագիր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նպատակն է՝ տալ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու եւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումներ, ինչպես նաեւ կատարել տեխնիկական եւ ընթացակարգային բնույթի փոփոխություններ եւ լրացումներ:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում ընթացող վարչատարածքային բաժանման գործընթացը սկիզբ է առել մոտ 10 տարի առաջ, արդեն իսկ ունենք 18 խոշորացված համայնքներ, որոնցում ընդգրկված են 140 համայնքներ: Նա պարզաբանել է, որ իրականացվող վարչատարածքային բաժանման արդյունքում խոշորացվում է կառավարման համակարգը, ոչ թե համայնքները, ինչպես երբեմն ընկալվում է թյուրիմացաբար: Խոշորացվող համայնքներում ակնկալվում է իրականացնել ներդրումային մի շարք ծրագրեր, որոնք պետք է էապես բարելավեն համայնքների բնակիչների կենսամակարդակը: Պարոն Տերտերյանի խոսքով՝ կառավարման համակարգի խոշորացման արդյունքը կլինի նաեւ ֆինանսական միջոցների կենտրոնացումը, ինչը կհանգեցնի նաեւ դրանց առավել արդյունավետ բաշխմանը: Բացի այդ՝ կիրականացվի կոլեգիալ կառավարում, կմեծանա վերահսկողությունը եւ այլն:

Քննարկման մասնակիցները բանախոսին են ուղղել բազմաթիվ հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

Աղբյուրը՝ www.parliament.am, 05.06.2017

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40