Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը
31.05.2017
Մայիսի 30-ին Մատենադարանի նիստերի դահլիճում կայացել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառումը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է <<Արարատյան բակալավրիատ>> նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հանրապետության մարզերից և Արցախից:
Միջոցառման շրջանակներում ՀՀ Նախագահը շնորհակալագրեր է հանձնել Արարատյան բակալավրիատի դպրոցական ցանցի ստեղծմանը մասնակցություն բերած և առարկայական քննություններում բարձր արդյունքներ արձանագրած Արարատյան բակալավրիատի թեկնածու լավագույն դպրոցներին:
Հանրապետության Նախագահը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհավորել բոլոր այն ուսուցիչներին ու կրթական հաստատություններին, որոնք որակավորվել են Արարատյան բակալավրիատի շրջանակում:
Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Արարատյան բակալավրիատի դպրոցական ցանցի ստեղծմանը մասնակցություն է բերել, առարկայական քննություններում բարձր արդյունքներ արձանագրել և Արարատյան բակալավրիատի թեկնածու լավագույն դպրոցների ցանկում ներառվել նաև Վայքի ավագ դպրոց: Դպրոցն արժանացել է շնորհակալագրի, որի տեքստում շարադրված է՝ <<Ձեր աշակերտների ձեռքբերումները, ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը, տնօրինության հմուտ աշխատանքը, թիմային աշխատանքի ոգին ձեր կրթօջախը դարձրել են հայկական կրթության զարգացման կարևոր դարբնոցներից մեկը>>:
Նշենք, որ 2017թ. հունվարին Վայքի ավագ դպրոցը մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի կողմից հայտարարված Արարատյան բակալավրիատի մրցույթին: Քննությանը հայտավորված բոլոր հինգ ուսուցիչները ցուցաբերել են բարձր գիտելիքներ և հաստատել առարկայական գերազանցության իրենց հայտը:
Շնորհավորում ենք դպրոցի կոլեկտիվին և հաջողություններ մաղթում կրթության գերազանցության ազգային ծրագրի շարունակական գործընթացում: