Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

31.05.2017

 Սիրելի երեխաներ:
Հարգելի ծնողներ, տատիկներ և պապիկներ:
Ջերմորեն շնորհավորում եմ մոլորակի ամենալուսավոր տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Տոնն այս  կրկին վերարթնացնում է յուրաքանչյուր երեխայի երջանիկ լինելու իրավունքի և ընտանիքի, հասարակության ու պետության կողմից այդ իրավունքի իրացման համար երջանիկ միջավայրի ապահովման խնդիրը: Մանկական երջանկության միակ և ամենակարևոր պայմանը ծնողական սերն ու ջերմությունն է, ուշադրությունն ու հոգատարությունը: Իսկ ընտանիքների երջանկության գրավականը առողջ մտածելակերպով հասարակություն և ամուր պետականություն ունենալն է, որի համար անհրաժեշտ է բոլորիս ջանքերի մեկտեղումը:
Երեխաների նկատմամբ մեր ցուցաբերած վերաբերմունքով է պայմանավորված հասարակության վաղվա օրը կերտողների արժեհամակարգի ձևավորումը, նրանց ապագա կյանքն ու նվիրվածությունը թե ընտանիքին, թե հայրենիքին:
Բոլոր ընտանիքներին մաղթում եմ սեր ու բարեկեցություն, որը հիմքն է երեխաներին ընտանեկան ջերմությամբ պարուրելու, առողջ սերունդ դաստիարակելու և ընտանիքի ու հասարակության արժանի հերթափոխ ապահովելու պատասխանատու գործի համար:

Մարզային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում եղել և մնում են երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովվածության, կրթության ու դաստիարակության, որպես բազմակողմանի զարգացած մարդ կայանալու խնդիրները:
Հարգելի ծնողներ, հունիսի 1-ը ոչ միայն երեխաների, այլև ընտանեկան տոնն է, քանզի յուրաքանչյուր ընտանիք երջանիկ և ամուր է իր երեխաներով: Եվ երեխաների հետ կապված ապագայի մեր տեսլականը  պայմանավորված է ընտանիքում աճող սերնդով, այդ սերնդի մոտ ձևավորված արժեհամակարգով՝ ընտանեկան, ազգային և համամարդկային: Համոզված եմ, որ յուրաքանչյուրս ձգտում է առավելագույնս կատարելության հասցնել մեր երեխաների անձնային ու մտավոր որակները՝ որպես մեզ լավագույն փոխարինողների: Ի վերջո, երեխաներն են ընտանիքի սիրո ու հարգանքի, հավատարմության ու հանդուրժողականության ամենազուլալ ակունքները: Առանց երեխաների կյանքն անիմաստ է դառնում, որովհետև հենց նրանց հետ են կապված մարդկանց ամենազնիվ նպատակներն ու լավագույն ցանկությունները, քանզի յուրաքանչյուր երեխայով է պայմանավորված մեր ընտանիքների ու մեր երկրի վաղվա օրը:
Սիրելի երեխաներ, իմ փոքրիկ բարեկամներ, կրկին շնորհավորում եմ ձեզ այս պայծառ ու լուսավոր տոնի կապակցությամբ և մաղթում եմ անամպ երկինք, անհոգ ու գունեղ մանկություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57