Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

25.05.2017

 Սիրելի' շրջանավարտներ: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Վերջին զանգի կապակցությամբ:

2016-2017 ուստարում Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատություններին հրաժեշտ են տալու 518 շրջանավարտներ,  որոնց մաղթում եմ բարի երթ ու կանաչ ճանապարհ, ձեռքբերումներով ու հաղթանակներով լի կյանքի ուղի:


Սիրելի'  շրջանավարտներ, վերջին դասով դուք ձեր կյանքի դպրոցական էջն եք փակում, որը դեռ հետո է իմաստավորվելու և անկասկած դառնալու է հիշարժան և անմոռանալի օր, քանզի ձեզ համար վերջին անգամ է հնչում դպրոցական զանգը: Զանգ, որ միշտ հնչել ու ձեզ մեկտեղել է հարազատ հարկի տակ, այսօր իր ղողանջներով ազդարարելու է հրաժեշտ: Հրաժեշտ այնքան հարազատ դարձած կրթօջախին, սիրելի ուսուցիչներին ու միմյանց:
Իհարկե, յուրաքանչյուր հրաժեշտ մի նոր հանդիպում է ենթադրում, յուրաքանչյուր վերջ՝ մի նոր սկիզբ: Ձեր պարագայում սկսվում է կյանքի առավել պատասխանատու փուլը: Մի ժամանակահատված, ուր պետք է ընտրել ներկայի ճիշտ շարունակությունը, դնել նոր կառուցվելիք ապագայի հիմնաքարը: Կյանքի այս փուլում լայն հորիզոններ ու հնարավորություններ են բացվում՝ իրացնելու դպրոցում ձեռք բերած գիտելիքները և բացահայտելու ձեր հոգիներում ամբարված այն մեծ ներուժը, որի կշիռն ուղիղ համեմատական է լինելու ձեր ձեռքբերումներին, որոնցով հպարտանալու են առաջին հերթին ձեր ծնողները: Անխոս, յուրաքանչյուր շրջանավարտի հաջողությունը հարստացնում է դպրոցի պատմական կենսագրությունը: Հաստատ է նաև, որ հասարակության յուրաքանչյուր անդամի առաջընթացը, զարգացման առավել մեծ հնարավորություն է նրան սնող հասարակության զարգացման համար: Համոզված եմ, որ մեր մարզի զարգացման գործում մեծ ներդրում եք ունենալու նաև դուք, դառնալով հասարակության արժանապատիվ անդամը: Նաև ձեր ներդումով է պայմանավորված լինելու մեր վաղվա օրվա բարեկեցությունն ու խաղաղ կեցությունը: Հաստատ գիտեմ, որ դուք ուր էլ լինեք, պատվով եք անցնելու ձեր կյանքի գալիք ճանապարհը:


Սիրելի՛ ուսուցիչներ, այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք կյանք եք ճանապարհում ևս մեկ սերունդ, որին սիրով ու նվիրումով եք փոխանցել ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունը, դաստիարակել երկրի, համայնքի, ընտանիքի ու շրջապատի խնդիրներով մտահոգ, միևնույն ժամանակ ապագային լավատեսորեն նայող երիտասարդներ:


Հարգելի' ծնողներ, թող իրականանան մեր սիրելի շրջանավարտների հետ կապված ձեր նվիրական իղձերն ու երազանքները:


Սիրելի' շրջանավարտներ, վերստին շնորհավորում եմ ավարտական վերջին դասի կապակցությամբ: Թող <<Վերջին զանգը>> դառնա բարձունքներ նվաճելու, նոր արահետներ բացելու ձեր ճանապարհի սկիզբը: Թող լուսառատ լինեն այն ճանապարհները, որոնցով անցնելու եք դուք: Թող միշտ ծաղկաշատ լինի ձեր գալիք կյանքի արահետը, որը ձեզ կառաջնորդի դեպի ձեր երազների ամրոցը:  Կրկին մաղթում եմ բարի երթ ու կանաչ ճանապարհ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:24:01