Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նիստը
25.05.2017
Մայիսի 24-ին Վայոց ձորի մարզպետարանում կայացավ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում ստեղծված մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Աշխատանքային խորհրդակցությունը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզում՝ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Օրակարգում ընդգրված էր <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների և <<Հանրապետական շաբաթօրյակի>> նախապատրաստական աշխատանքների կազմակերպման հարցերը:
Զեկուցումով հանդես եկավ մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Սամվել Թարվերդյանը: Զեկուցվեց, որ մարզի տարածքում ինքաբերաբար աղբավայր դարձած 136 վայրերից 74-ը մաքրվել է՝ կուտակված աղբը տեղափոխվել է սահմանված աղբավայրեր կամ հողով ծածկվել: Ըստ ոլորտների՝ զեկուցվեց նաև ծրագրի շրջանակում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականների կատարման մասին: Հանձնաժողովի անդամ, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը ներկայացրեց, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու վերաբերյալ 13 միջնորդագիր է ուղարկվելտեղական ինքնակառավարման մարմիններին: Խոսվեց աղբավայրերի արտոնագրման և դրանց շահագործման կարգի մասին: Մարզում սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրների արդյունավետ լուծման նպատակով հանձնաժողովի անդամները ներկայացրին առաջարկություններ, ինչպես նաև մասնագիտական դիտողություններ: Հանձնաժողովի անդամները ներկայացրին մարզում տիրող սանիտարական վիճակը:
Օրակարգի երկրորդ հարցի՝ մայիսի 27-ին կազմակերվելիք շաբաթօրյակի վերաբերյալ մարզպետ Հ. Սարգսյանը համապատասխան հանձնարարություններ տվեց մարզային հանձնաժողովի անդամ հանդիսացող մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին: Մարզպետը կարևորեց մայիսի 27-ին կայանալիք հանրապետական շաբաթօրյակին մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքներում գործող համայնքային կրթական, մարզական հաստատությունների, մշակութային տարբեր կազմակերպությունների, մասնավոր ընկերությունների ներգրավվածությունը սանմաքրման աշխատանքներին և աշխատանքների կատարման հանդեպ ցուցաբերվելիք բարձր պատասխանատվությունը: Կարևորվեց նաև համայնքներում աղբահավաքման և սանիտարական մաքրման համար անհրաժեշտ տեխնիկայի ներգրավվածությունը:
Վերջում մարզպետ Հ.Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետին, ձեռնարկել բոլոր քայլերը, որպեզսի մայիսի 27-ին անցկացվելիք շաբաթօրյակի վերաբերյալ յուրաքանչյուր համայնքի կողմից մարզպետարան ներկայացվի համապատասխան տեղեկատվություն և լուսանկարներ՝ շաբաթօրյակի աշխատանքները պատշաճորեն լուսաբանելու նպատակով: