Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետին ներկայացվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների զարգացման ծրագրեր

06.05.2017

 Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցմանը, այգեգործական տնտեսության զարգացմանը, խաղուն գինու արտադրության խթանմանը, խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնմանը և այլն: Համայնքների ղեկավարներն անդրադարձել են նաև համայնքների սեփական եկամուտների ավելացման ծրագրերին և այդ ուղղությամբ նախատեսված քայլերին:
Ի թիվս մի շարք ծրագրերի, Արմավիրի փոխքաղաքապետը ներկայացրել է նաև քաղաքում աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիրը և նշել, որ նախագիծն ամբողջովին պատրաստ է, ծրագրի ընդհանուր արժեքը 65.0 մլն եվրո է, այն իրականացվելու է 3 փուլով: Առաջին փուլում նախատեսվում է 70 աշխատատեղի ստեղծում, ակնկալվում է, որ գործարանը տարեկան կընդունի 200 հազար տոննա աղբ: Ի պատասխան վարչապետ Կարապետյանի հարցի, թե ով է զբաղվելու Արմավիրում աղբահանության գործընթացի կազմակերպմամբ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ գործարանի կառուցմամբ զբաղվող ընկերության հետ նախնական քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աղբահանությունը կիրականացնի գործարանը: Կարևորելով համայնքային տարբեր ծառայությունները, այդ թվում՝ աղբահանության կազմակերպումը, մասնավոր կառավարման հանձնելը՝ վարչապետը հանձնարարել է հետևողական լինել այս հարցում:
Ինչ վերաբերում է խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնման ծրագրին, վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է Արմավիրում գտնվող նախկին պահածոների գործարանի տարածքում հիմնել բանջարեղենի և մրգերի վերամշակման համալիր գործարան, որտեղ կարտադրվի տոմատի մածուկ, մրգային և բանջարեղենային այլ խտանյութեր, մրգային, հատապտղային և բանջարեղենային պահածոների լայն տեսականի: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,150.000.000 ՀՀ դրամ, ակնկալվում է ստեղծել 120 աշխատատեղ, արտադրել 1000-1500 տոննա տոմատի մածուկ: Նշվել է, որ սեփական ներդրումները կազմում են 400,000.000 ՀՀ դրամ, մնացած գումարը նախատեսվում է ձեռք բերել՝ ներգրավելով վարկային միջոցներ: Վարչապետը հորդորել է շարունակել բանակցություններն առևտրային բանկերի հետ՝ հայտնելով կառավարության աջակցությունն այդ գործընթացին:
Իսկ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի ներկայացրած ծրագրերի շարքում, մասնավորապես, քննարկվել է այգեգործական տնտեսության զարգացման ծրագիրը՝ խաղողի և ծիրանի այգիների հիմնման միջոցով: Նշվել է, որ 1.5 հա սեփականաշնորհված վարելահողը սեփական և վարկային միջոցների հաշվին հասցվել է 50 հեկտարի, հիմնվել են 30 հա խաղողի և 20 հա ծիրանի այգիներ: Անցկացրել է 4 կմ երկարությամբ ոռոգման ներքին համակարգ, որի շնորհիվ ոռոգման ջրի կորուստը 47 տոկոսից հասել է 5-10 տոկոսի: Այգեգործական տնտեսության զարգացման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 251 մլն ՀՀ դրամ, որից 220 մլն ՀՀ դրամը /բնաիրային/ սեփական ներդրումներն են, մնացած 31 մլն ՀՀ դրամի համար ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ, արտադրել տարեկան 380 տոննա խաղող, 100 տոննա ծիրան: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ վարչապետը նշել է, որ դրա վարկավորման հնարավորությունները կքննարկվեն: Կարեն Կարապետյանը նաև հանձնարարել է պատասխանատուներին՝ տեղում ծանոթանալ կառուցված ոռոգման համակարգին և ուսումնասիրել դրա արդյունավետությունը:
Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավարը ներկայացնելով տարբեր ոլորտներին առնչվող մի քանի նախագծեր, մասնավորապես, անդրադարձել է խաղուն գինու արտադրության կազմակերպման ծրագրին և նշել, որ դրա ընդհանուր արժեքը կազմում է 150 մլն ՀՀ դրամ, սեփական ներդրումները 82.5 մլն ՀՀ դրամ, իսկ մնացած՝ 67.5 մլն ՀՀ դրամն ակնկալվում է ստանալ ՀՀ կառավարությունից որպես վարկային միջոց: Նախատեսվում է տարեկան արտադրել 150.000 կգ խաղող, 100.000 լիտր խաղուն գինի: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ուսումնասիրել վարկավորման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ:

Աղբյուրը՝ http://www.gov.am, 05.05.2017

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40