Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարներին

20.04.2017

 Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը:
Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնքներ, մարզպետարաններ, կառավարություն համագործակցությանը: <<Մենք համոզված ենք, որ տարածքային զարգացումը, և ընդհանրապես, մեր երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները հստակ չպատկերացնեն, չունենան զարգացման ծրագրեր, որտեղ կլինեն ոչ միայն մանկապարտեզի, տանիքի, ճանապարհի, այլև աշխատատեղերի ստեղծման, զբաղվածության խնդիրների լուծման, սեփական եկամուտներն ավելացնելու հստակ առաջարկություններ ու քայլեր: Կա մի պարզ տրամաբանություն. մենք այստեղ նստած չենք կարող համայնքի ծրագրերը, խնդիրներն ավելի լավ պատկերացնել, քան տեղական ինքնակառավարման մարմինները>>,- ասել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարի խոսքով, հանրապետությունում կառավարման տեսակետից կան բազմաթիվ խնդիրներ և, ցավոք, համայնքներից ստացված զարգացման ծրագրերը հեռու են այն մակարդակից, որը պահանջում է ժամանակակից կառավարումը: <<Սակայն պետք է քայլ առ քայլ, ճշտելով, ուղղելով, մեկս մյուսից սովորելով՝ գնանք առաջ: Ընտրել ենք 20 համայնքներ, որոնք ներկայացրել են լավագույն ծրագրերը, որոնց հիման վրա պետք է ձևավորենք աշխատանքային ռեժիմ, թե ինչպես ենք համատեղ աշխատելու, ի՞նչ պետք է անեն կառավարությունը, մարզպետները և համայնքները: Ծրագրերի իրականացման գործընթացին պետք է ներգրավել նաև տվյալ համայնքի հաջողակ գործարարներին, բարերարներին, որպեսզի փորձենք համատեղ ուժերով զարգացնել համայնքը>>,- ընդգծել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Տնտեսական զարգացման և ներդրումների, Գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարել է հաշվի առնելով համայնքների առավելությունները, առանձնահատկությունները, խնդիրներն ու հնարավորությունները՝ մշակել ու ներկայացնել օրակարգային տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք կառաջարկվեն շահագրգիռ ներդրողներին:
Այնուհետև համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել զարգացման ծրագրերն՝ ուղղված խնդիրների լուծմանը, սեփական եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և այլ նպատակային նախագծերի իրականացմանը, որոնք կարող են համայնքին ապահովել տնտեսական արդյունք: Վարչապետ Կարապետյանը կարևորել է նաև նախատեսվող նպատակային միջոցառումների իրականացումը և առաջարկել դիտարկել համայնքային տարբեր ծառայությունները՝ աղբահանություն, լուսավորություն, ճանապարհների սպասարկում և այլն, մասնավոր կառավարիչներին հանձնելու հարցը: <<Ցանկանում ենք համայնքների ղեկավարները շահագրգռված լինեն, որպեսզի իրենց համայնքների շուրջ ձևավորվի բիզնեսի ներգրավման միջավայր, աստիճանաբար ձևավորվի համայնքի ինքնաբավ, մոտիվացնող բյուջե: Մենք միանշանակ հետևողականորեն գնալու ենք դրան>>,- ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ մանրամասն ուսումնասիրել ներկայացված ծրագրերը և ըստ արդյունավետության ցուցաբերել համապատասխան օժանդակություն:  

Աղբյուրը՝http://www.gov.am, 19.04.2017

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:44:17