Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
10.04.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ ծրագրերով նախատեսվող աշխատանքների նախագծերի կազմանը, ոչ գազաֆիկացված համայնքներին, բնակարան չունեցող բազմազավակ ընտանիքների հաշվառմանը, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք պարարտանյութերի, գարնանացան գարու սերմացուի և դիզելային վառելանյութի քանակին և բաշխման ժամանակացույցին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, գնումների գործընթացին, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներին, դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի վայոցձորցի երեխաների մասնակցության ապահովմանը, համայնք-մասնավոր հատված համագործակցությանը, գործառնական ծրագրերին, մարզի ավտոճանապարհների փոսային նորոգումների աշխատանքներին, մարզային ենթակայության հաստատություններում աուդիտի անցկացմանը, հողօգտագործման բնագավառին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզպետը հանձնարարեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին՝ ներկայացնել մարզում գյուղոլորտի զարգացման վերաբերյալ իրենց վարչության տեսլականը, իսկ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին՝ հայտնաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք ընդգրկված չեն նպաստառուների ցուցակում, նրանց խնդիրների վերաբերյալ քննարկում կազմակերպել բաժնի աշխատողների հետ և փորձել նման ընտանիքներին ներառել սոցիալական տարբեր ծրագրերում:
Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը: