Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեր բոլոր ծրագրերն ուղղված են բնակչությանը որակյալ, պատշաճ բժշկական օգնություն ապահովելուն` Լևոն Ալթունյան

03.04.2017

 Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի առաջին կանգառը Եղեգնաձորի բժշկական կենտրոնում էր: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է դեռ 2007 թվականին Համաշխարհային բանկի և կառավարության ծրագրով հիմնանորոգված հիվանդանոցի լաբորատոր-գործիքային հագեցվածությանը, մատուցվող ծառայություններին, հիվանդների բուժման ընթացքին:


Ակնաբուժական կաբինետում Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե ինչ հնարավորություններ կան նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած <<Առողջ աչքեր>> ծրագիրը տեղում կազմակերպելու համար:


Կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք կյանքի կոչելու գործում իրենց դերակատարությունն ապահովելու համար մարզային բուժաշխատողները կարիք կունենան բարձրացնելու իրենց մասնագիտական և համակարգչային ունակությունները: Ներկաները ողջունել են էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման, կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի մշակման ծրագրերը, որոնք կնպաստեն բժշկական օգնության որակի բարելավմանը։
Պատասխանելով բուժաշխատողներին հետաքրքրող հարցերին՝ նախարարը պարզաբանել է, որ մինչև մայիսի 1-ը էլեկտրոնային առողջապահական համակարգին զուգահեռ կշարունակի գործել նախկին <<Միդաս>> ծրագիրը:
Խոսելով բժշկական պարտադիր ապահովագրության մասին՝ նա նշել է, որ ՀՀ կառավարություն կներկայացվի փաթեթ, համաձայն որի պետությունն իր վրա կվերցնի երկրի սոցիալապես անապահով խմբերի՝ 1,2-1,5 մլն բնակչության ապահովագրավճարի փոխհատուցումը:
Անդրադառնալով կենտրոնում տարբեր նեղ մասնագիտական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ բժիշկների առաջարկներին՝ նախարարը պարզաբանել է, որ այժմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ մշակվում է երկրի բնակչության թվաքանակին անհրաժեշտ ծառայությունների, ինչպես նաև դրանց հասանելիության նորմատիվներ:
Այնուհետև, Եղեգնաձոր-Վայք մայրուղու Մալիշկա գյուղի հարևանությամբ գտնվող հատվածում նախարարը մարզպետի հետ ծանոթացել է ներդրումային ծրագրով Մարզային հիվանդանոցի տիպային բժշկական կենտրոնի նախագծին: Համաձայն դրա հիվանդանոցային ծառայությունները կկենտրոնանան երկու քաղաքից հավասարապես հեռու նախատեսվող հիվադանոցում, իսկ ամբուլատոր ծառայությունները կշարունակվեն մատուցվել նախկին կենտրոններում։ Որոշվել է նախատեսվող հիվանդանոցի նախագիծը ներդրողներին ներկայացնելուց առաջ ևս մեկ անգամ մանրամասն քննարկել։

Վայքի բուժական միավորումում ևս շրջայց կատարելուց հետո նախարարը հանդիպել է բուժանձնակազմի հետ՝ ներկայացնելով նախարարության ծրագրերը և պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին:
<<Մեր բոլոր ծրագրերն ուղղված են բնակչությանը որակյալ, պատշաճ բժշկական օգնություն ապահովելուն, բյուջետային սուղ միջոցները արդյունավետ ծախսելուն, ինչպես նաև բուժանձնակազմի արժանապատվությունը բարձր պահելուն>>.-ասել է նախարար Ալթունյանը:
​Կենտրոնի բուժաշխատողները ողջունել են նախարարության՝ պետական պատվերով մատուցվող բժշկական ծառայությունների գների շուկայականին համապատասխանեցնելու նախաձեռնությունը: Նախարարը շեշտել է, որ այդ քայլն առաջին հերթին միտված է համակարգում ստվերի վերացմանը:

Աղբյուրը՝ http://www.moh.am/, 31.03.2017

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34