Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
07.03.2017
Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր և տատիկներ, քույրեր ու դուստրեր,
ընդունեք իմ անկեղծ ու ջերմագին շնորհավորանքները, Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Սիրելիներս, այս տոնն իրապես բարության տոն է, քանզի դուք դարձել եք սիրո, բարության, հոգատարության և անմնացորդ նվիրումի խորհրդանիշ:
Թանկագին մայրեր, ձեր քնքուշ ուսերին է դրված ընտանիքում երեխաների դաստիարակության, նրանց հոգեկերտվածքի, ազգային և համամարդկային արժեհամարկարգի ձևավորման դժվարին, բայց պատվաբեր ու կարևորագույն գործը:
Հպարտությամբ ու սիրով եմ բարձրաձայնում մեր պետականության, ազգային արժեքների և հայ ընտանիքի պահպանման գործում ձեր կարևոր դերակատարության մասին: Մայրական սիրով ու հոգատարությամբ, գալիք օրվա հանդեպ ունեցած լուսավոր հավատով, դուք դարձել եք հայ ընտանիքի ամրության հիմնասյունը, դաստիարակել եք ուշիմ ու հայրենասեր զավակներ: Դրսևորել եք հայ կնոջը բնորոշ անսպառ բարություն, դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակություն և անհատնում լավատեսություն:
Հայ ազգի դարավոր պատմության ընթացքում շատ մեծ է եղել ձեր դերակատարումը նաև մեր ազգի և՛ բարոյական, և՛ ռազմական հաղթանակների, ձեռքբերումների, երկրի շենացման ու հզորացման գործում: Տա Աստված, որ այսուհետ բոլոր հայուհիներն ապրեն կապույտ երկնի ներքո, զբաղվեն միայն իրենց զավակների դաստիարակությամբ , նախընտրելի ու ստեղծագործ աշխատանքով՝ ի բարօրություն սեփական ընտանիքի, ի շահ սիրասուն հայրենիքի:
Եթե երբեմն-երբեմն թացվել են ձեր աչքերը մեր երկրի սահմանների անհանգիստ վիճակի հետևանքով, մենք հայցում ենք ձեր ներողամտությունը և հավաստում, որ հայոց այրերը արժանապատվորեն հսկելու են ձեր խաղաղ կեցությունը և ապահովելու են ձեր կանաչ գարունները:
Սիրելիներս, մարզային իշխանությունները կանեն հնարավոր ամեն բան, որ թեթևացնեն ձեր հոգսերը, որպեսզի դուք շարունակեք մնալ կանացի ու հմայիչ, լինեք անհոգ ու պաշտպանված, որպեսզի միշտ փայլեն ու երջանկությամբ շողարձակեն աչքերը ձեր:
Վայոցձորցի սիրելի տիկնայք, մայրեր ու տատիկներ, քույրեր ու դուստրեր, կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանաբույր այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ անամպ ու ծաղկաշատ գարուններ, ընտանեկան չխամրող երջանկություն ու անսպառ սեր:
Սիրով ու հարգանքով՝
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան