Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

27.01.2017

 Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:
Հունվարի 28-ին մեր ժողովուրդը նշում է Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցի ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը: Բանակի տոնն ամենքինս է, այն մտնում է յուրաքանչյուր հայկական ընտանիք, իր հետ բերելով  պաշտպանված լինելու զգացողություն:
2017 թվականը մեր բանակի համար հոբելյանական տարի է, քանզի բոլորում է Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Բանակի օր արտահայտությունը նվիրական զգացումներ ու հպարտություն է առաջացնում բոլորիս հոգիներում և պատասխանատվության է մղում յուրաքանչյուրիս՝ հարազատ զավակի նման պահել ու պահպանել Հայոց ազգային բանակը:
 Հայկական բանակը ծլարձակեց ազգային զարթոնքի՝ Արցախյան շարժման հիմքերում՝ կամավորական ջոկատների տեսքով,  և Արցախի ազատագրման պայքարում կազմավորվեց որպես կանոնավոր բանակ: Հայկական բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր ձեռքբերումներից է: Այն ոչ միայն արժանիորեն կրում է Արցախյան ազատամարտի փառապանծ հաղթանակի դափնին, այլև հանդիսանում է մեր հայրենիքի խաղաղության ու անվտանգության, մեր երկրի պետական սահմանների անառիկության ապահովման անփոխարինելի երաշխավորը, վկան՝ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմը և հակառակորդի սահմանային մշտական ոտնձգությունները զսպելու և համարժեք պատասխան տալու փաստը: Ցավոք հաղթանակները ձեռք են բերվել կորուստներով՝ մեր հերոս եղբայրների և քույրերի կյանքի գնով: Այս տոնական պահին բոլորիս խորին խոնարհումը նրանց հիշատակին:

Սիրելիներս, այսօր էլ մեր զավակներին բանակ ենք ճանապարհում հաստատ համոզումով, որ Հայոց բանակի շարքերը համալրելու գնացած նորակոչիկները շարունակելու են սահմանապահ զինվորների երախտագիտության արժանի գործը:
Հայոց բանակի սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ և հրամանատարներ, Ձեր գործը դժվար է ու խիստ պատասխանատու, բայցև պատվաբեր: Ամենից առաջ Ձեզ մաղթում եմ անվտանգ ծառայություն: Թող Ձեր արշալույսները միշտ խաղաղությամբ բացվեն:
Կրկին շնորհավոր տոնդ, հայ զինվոր:                                                           Շնորհավոր 25-ամյա տարեդարձդ, Հայոց հաղթանակած բանակ:                     Փառք ու պատիվ Ձեզ, Հայոց բանակի անհաղթ Արծիվներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:22:01