Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

19.01.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ <<Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսան Ավագյանի հետ: Հանդիպման նպատակը <<Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և խթանման միջոցով>> դրամաշնորհային ծրագրի իրագործման մանրամասների և ընթացի քննարկումն էր:
Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինասնսավորվում է Եվրոմիության Հայաստանի գրասենյակի կողմից՝ ՀՀ կառավարության և մարզային գործընկերների համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2.085.000 եվրո, որից ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կազմում է 375.000 եվրո, Եվրոմիության դրամաշնորհը՝ 1.500.000 եվրո, իսկ դիմող հասարակական կազմակերպությունների համաֆինանսավորումը՝ 210.000 եվրո:
<<ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և խթանման միջոցով>> ծրագիրն իրականացնում է Վենետիկի համալսարանը (Իտալիա), որի հայաստանյան գործընկերը Վայոց ձոր մարզի <<Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն>> հասարակական կազմակերպությունն է: Ծրագրի իրականացման արդյունքում`
1. ենթադրամաշնորհ է հատկացվելու էկոտուրիզմի կլաստերի գյուղերում 25 նոր էկոտուրիզմի հյուրատներ ստեղծելու համար: Դա հնարավորություն կտա ստեղծելու առնվազն 50 նոր աշխատատեղեր:
2. ենթադրամաշնորհ է հատկացվելու էկոտուրիզմի աջակցման և մարկետինգի մարզային կենտրոն ստեղծելու համար, որը կապահովի առնվազն 2 նոր աշխատատեղ:
3. ենթադրամաշնորհ է հատկացվելու մեկ մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային ցանցային էլեկտրոկայան կառուցելու համար՝ որպես պիլոտային ծրագիր: Այն կապահովի առնվազն 5 նոր աշխատատեղ:
4. մարզի առնվազն 60 ձեռնարկությունների տեխնիկական աջակցություն ցույց կտրվի էներգոխնայողության ռեժիմով աշխատելու համար, որի արդյունքում կիջնի այդ ձեռնարկությունների արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեքը, կբարձրանա նրանց մրցունակությունը:
5. մարզում գործող էկոտուրիզմի ոլորտի 23 հյուրատների, ինչպես նաև էկոտուրիզմին սպասարկող 48 սպասարկող ձեռնարկությունների համար (ռեստորաններ, կաֆեներ, տաքսի-սերվիս ծառայություններ, վարսավիրանոցներ, հյուրանոցներ և այլն) իտալական գործընկերների կողմից կիրականացվի որակյալ վերապատրաստման դասընթացներ հյուրընկալության միջազգային ստանդարտներին ծանոթացնելու համար: Նրանց մի մասին կտրվի որակավորման սերտիֆիկատ:
6. Էկոտուրիզմի մարկետինգային աջակցության կենտրոնի միջոցով կավելանա տուրիստների հոսքը մարզ, որը հնարավորություն կտա ինչպես գործող, այնպես էլ նոր ստղծվող տուրիստական ձեռնարկություններին աշխատելու շահույթով:
Նշենք, որ ծրագրի հիմնական շահառուներն են Վայոց ձոր մարզի էկոտուրիզմի կլաստերի գյուղական բնակավայրերը՝ Գլաձոր, Վերնաշեն, Շատին, Արտաբույնք, Գողթանիկ, Հեր-հեր և Կարմրաշեն, ինչպես նաև Եղեգնաձոր քաղաքը և մարզի 6 այլ գյուղերի գյուղացիական տնտեսությունները:
Ծրագրի շրջանակներում ՀՀ Վայոց ձոր մարզի մարզպետարանում տեղի է ունեցել <<Էկոտուրիզմի կլաստերի միջհամայնքային ցանց>> hասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը: Նշված ՀԿ-ն հադիսանում է <<ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և խթանման միջոցով>> դրամաշնորհային ծրագրի կառավարման մարմիններից մեկը:
Նիստին մասնակցել են Վայոց ձոր մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, <<Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն>> ՀԿ-ի ներակայցուցիչ Ալեքսան Ավագյանը, Գլաձոր, Վերնաշեն, Շատին, Արտաբույք, Գողթանիկ համայնքների ղեկավարները, Հերհեր և Կարմրաշեն համայնքների վարչական ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են նորաստեղծ ՀԿ-ի կանոնադրությունը, նրա նպատակներն ու խնդիրները: Վերնաշեն համայնքի ղեկավար Միքայել Բաղդասարյանը ընտրվել է հասարակական կազմակերպության նախագահ:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԿ-ի հետագա գործողությունների և Ծրագրի կառավարմանը վերաբերվող հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40