Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ
09.11.2016
Սիրելի հայրենակիցներ,
Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Վայոց ձորի մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և ՏԻՄ ներկայացուցիչներին:
Ուղիղ քսան տարի առաջ, 1996 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները և պաշտոնապես ուժի մեջ մտավ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքը, որը հիմք հանդիսացավ տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը:
Իմ շնորհավորանքն եմ հղում նաև համայնքների բնակիչներին, քանզի Տեղական ինքնակառավարման օրն իրապես տոն է նաև նրանց համար, որովհետև ՏԻ մարմինները ձևավորվում են նրանց վստահության քվեով և կոչված են լուծելու համայնքի բնակիչների սոցիալական, կենսական, կրթամշակութային և համայնքային նշանակության խնդիրները:
Երկրում ժողովրդավարական համակարգի զարգացումը պայմանավորված է նաև ՏԻՄ-երի կողմից լիազորությունների լիարժեք կատարմամբ, իրավասությունների անթերի իրականացմամբ, ինչպես նաև բնակչությանը մատուցվող հանրային ծառայությունների համալիր ու պատշաճ կազմակերպմամբ, քանզի ժողովրդավարական պետությունն ուժեղ է կայացած և ուժեղ համայնքներով: Իսկ երկրի կայուն զարգացումը պայմանավորված է նաև համայնքների զարգացածության ու կազմակերպվածության հանգամանքով:
Համոզված եմ, որ տեղական ինքնակառավարման համակարգի շարունակական զարգացումը ժամանակի հետ նպաստելու է ՏԻ մարմինների առավել արդյունավետ գործունեությանը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Վայոց ձորի մարզի ազգաբնակչությանը Տեղական ինքնակառավարման օրվա՝ հոբելյանական 20-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում եմ տեղական իշխանություններին՝ աշխատանքային բարձր պատասխանատվություն, իրավասությունները լիարժեք իրականացնելու վճռականություն՝ ի շահ մարզի համայնքների զարգացման, ի բարօրություն մեր ազգաբնակչության: