Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ
31.10.2016
2016 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպում-խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Օրակարգում ներառված էին ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքային հիմնախնդիրների, 2015 թվականին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի գումարների գանձման և 2016 թվականի աշնանացանի ընթացքի, մարզային զարգացման ծրագրի, 2016 թվականի անցած ինը ամիսների ընթացքում տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրման ընթացքի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տեղադրված կայանների զբաղեցրած հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցերը:
Մարզպետ Հարություն Սարգսյանը համայնքների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ս/թ հոկտեմբերի 26-ին կայացած Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում վարչապետը կողմից ծրագրի իրականացման նպատակով մարզպետներին տրված հանձնարարականները: Հ. Սարգսյանը նշեց նաև հոկտեմբերի 25-ին մարզի խոշորացված համայնքների և 50 մլն դրամից ավելի բյուջե ունեցող համայնքների ղեկավարների հետ Ջերմուկում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի կողմից ներկայացված համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնած նոր քայլերի մասին:
2015 թվականին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի գումարների գանձման և 2016 թվականի աշնանացանի ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը: Մարզային զարգացման ծրագրի կազման մեթոդաբանության շուրջ տեղեկատվությամբ հանդես եկավ զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: 2016 թվականի անցած ինը ամիսների ընթացքում տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրման ընթացքի մասին տեղեկություն հաղորդեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և կապի մյուս օպերատորների կողմից տեղադրված կայանների զբաղեցրած հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցը ներկայացրեց հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը:
Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում հորդորեց համայնքների ղեկավարներին ձեռնամուխ լինել համայնքների զարգացման ծրագրերի, ինչպես նաև 2017 համայնքային բյուջեների կազման աշխատանքներին: