Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ
07.10.2016
Հարգելի գրադարանավարներ:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ:
Գրադարանավարի դերը միշտ էլ կարևոր է եղել մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման ապահովման, ինչու չէ, նաև հասարակության բոլոր անդամների մոտ բարձրաճաշակ գրականության հանդեպ հետաքրքրության ձևավորման գործում: Սակայն Ձեր դերն առավել կարևորվում է մեր օրերում, քանզի համակարգչային տեխնիկան ներխուժել է մեր կյանք, դարձել մատաղ սերնդի կենցաղի անբաժանելի բաղադրիչը, որի պատճառով Ձեզանից հավելյալ ճիգեր է պահանջվում, որպեսզի կարողանաք կազմակերպված բովանդակային միջոցառումների ազդեցության արդյունքում՝ հետաքրքրություն ձևավորելով գրքի ու գրականության նկատմամբ, դպրոցական երեխաների, ինչպես նաև պատանիների մեջ սեր առաջացնել գրքի ու ընթերցանության հանդեպ, վերաձևավորելով գրականության և ընթերցանության նկատմամբ մեր ժողովրդի ավանդաբար ունեցած սերն ու հետաքրքրությունը:
Գրադարաններում են ամբարված հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային գրականության հանճարների ստեղծած մտավոր գանձերը, որոնք հնարավորություն են ընձեռում ընթերցողին հաղորդակցվելու անցյալի փորձին, պատկերացումներ կազմելու ապագայի մասին և ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը:
Տեխնոլոգիաները որքան էլ զարգանան, գիրքն է դարերով եղել ու այսօր էլ մնում է գիտելիքի ձեռքբերման ամենահուսալի աղբյուրը: Համոզված եմ, որ Ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ վայոցձորյան մատաղ սերնդի հոգում մշտապես վառ ու բորբոք կպահեք սերն ընթերցանության, գրքի ու գրականության նկատմամբ:
Հարգելի գրադարանավարներ, կրկին շնորհավորում եմ Ձեզ Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Ձեր պատվաբեր աշխատանքում ու պատասխանատու առաքելության իրականացման մեջ մաղթում եմ աշխատանքային նորանոր հաջողություններ:
Ձեզ՝ բարօրություն և ընտանեկան երջանկություն: