Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արենիում գինու տոն էր

03.10.2016

 Հոկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքում, արդեն 8-րդ անգամ, անցկացվեց գինու ամենամյա փառատոնը:
Գինու ավանդական 8-րդ փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ Վայոց ձոր մարզպետարանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, "Արենի գինու փառատոն" հիմնադրամը, Հայաստանի համայնքների միությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և Արենիի համայնքապետ Սերյոժա Սուքիասյանը ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանին և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Կարլոս Վոգելերնին դիմավորեցին ավանդական աղ ու հացով: Տոնակատարությանը ներկա գտնվելու և անուշահամ հայկական գինու համն ու բույրը վայելելու էին եկել 20 երկրների ավելի քան 70 պատվիրակներ, հազարավոր զբոսաշրջիկներ՝ արտերկրից և մեր հանրապետության տարբեր մարզերից:
Աշնանային տաք գույներին առավել վառ երանգ էին հաղորդում հայկական ավանդական ճաշատեսակների հոտը, ժողովրդական և ազգագրական երգն ու պարը:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը սկսվեց 18 գինեգործական ձեռնարկությունների շքերթով: Գինեգործական ընկերությունների ներկայացուցչիները խաղողով լի զամբյուղները դատարկեցին "չանի" մեջ: Գարեգին Մելքոնյանը, Հարություն Սարգսյանը, Կարլոս Վոգելերնը և «Արենի Փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը "չանում" ավելացրեցին խորհրդանշական խաղողը, որից հետո Արենի գյուղի երիտասարդները "չանի" մեջ ոտքերով տրորեցին խաղողը:
Փառատոնի ընթացքում ներկայացվեցին գործարանային և տնական արտադրության գինիներ, գյուղի տարբեր հատվածներում կազմակերպվեցին ավանդական խաղեր, շոու ծրագրեր: Ներկաները հնարավորություն ունենցան այցելելու Վայոց ձորի պատմամշակութային կոթողներ և տեսարժան վայրեր:
Գինու տոնին ներկա էր նաև վերջերս լույս տեսած <<Հայաստանի Հանրապետություն. Պատմական հանրագիտարանի>> հեղինակ Սամվել Հակոբյանը: Նշենք, որ հանրագիտարանի տպագրության հարցում իր աջակցությունն է տրամադրել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Սամվել Հակոբյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին օգնության համար` Հ. Սարգսյանին նվիրելով պատմական հանրագիտարանը:
Աշխարհում զբոսաշրջությունը դարձել է պետությունների տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Միավորելով զբոսաշրջության համաշխարհային տենդենցները և հայկական ազգային ավանդույթները, Վայոց ձորի մարզի համար հնարավորություն կստեղծվի ոչ միայն զբոսաշրջության ակտիվացման և մասշտաբների ընդլայնման համար, այլև այն կնպաստի մեր ավանդույթների պահպանմանը և աշխարհում հայկական գինեգործության մշակույթի տարածմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00