Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

30.09.2016

  Սիրելի՛ տարեցներ, տատիկներ և պապիկներ:
Սիրով ու խոնարհումով շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
Հարգելի հայրենակիցներ, տարեցների միջազգային օրը ևս մեկ անհրաժեշտ առիթ է մեր մեծերին գնահատելու և նրանց մասին հոգ տանելու: Սակայն տարեցներին պետք է հիշել յուրաքանչյուր օր, քանզի մեր ազգային նկարագրի կարևորագույն բաղկացուցիչ է ավագ սերնդի նկատմամբ հոգատարություն ու հարգանք տածելու ավանդույթը: Բացի դա, մեծագույն բախտավորություն է՝ ապրել կյանքի փիլիսոփայությամբ հարստացած մեր հարազատների կողքին և դասեր առնել նրանց փորձից, ստանալ նրանց օրհնությունը: Նրանք են մեզ շահել-պահել, իրենց տքնաջան աշխատանքով և արարումով մեզ մեծացրել և մեր մեծանալուն զուգընթաց, հասել ծերության շեմին: Առավել մեծ երջանկություն է նրանց նկատմամբ սեր և հոգատար վերաբերմունք հանդես բերելը, տկարներին խնամելը, ինչպես նրանք են մեզ խնամել, երբ մենք ենք ունեցել դրա կարիքը: Համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք հենց նման վերաբերմունք է դրսևորում՝ սիրով ու երախտագիտությամբ շրջապատում ավագ սերնդի ներկայացուցիչներին:
Հարգելիներս, այսօր էլ նրանք իրենց բարի խորհուրդներով, տարիների փորձով ու իմաստնությամբ հարստացած դիտարկումներով օգնում և օժանդակում են մեզ անձնական ու հասարակական կյանքում լավագույնս կայանալու, ինչպես նաև մեր ընտանիքների զորանալու հարցերում և մարզի զարգացման գործընթացում:
Սիրելի տարեցներ, համոզվա՛ծ եղեք, որ դուք մշտապես գտնվում եք մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում և մենք մեր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի բարելավենք ձեր կյանքի որակը, ապահովենք սոցիալական ու կենսական արժանապատիվ պայմաններ:
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
Կրկին ու կրկին շնորհավորում եմ մարզի ծերունազարդ տատիկներին ու պապիկներին, մաղթում եմ ընտանեկան ջերմություն, առողջություն և բարօրություն, սեր և հոգածություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 10:53:41