Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծառատնկումներ և այլ հանդիսություններ Ռինդ, Արենի և Շատին համայնքներում

30.09.2016

 Սեպտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզում հյուրընկալվել էր <<Որդեգրիր մի գյուղ>> նախագծի հեղինակ, հայ ազգի բարեկամ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի Լեն Ուիքսը: Այցի նպատակը, ինչպես նշեց Լեն Ուիքսը, <<Որդեգրիր մի գյուղ>> նախագծի շրջանակներում մարզի Ռինդ, Արենի և Շատին համայնքներում մի շարք միջոցառումների իրականացումն է:
Այս նախագիծը յուրօրինակ հնարավարություն է՝ ուղղված Հայաստանի գյուղական վայրերի և հայկական սփյուռքի միջև կապի ու համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը: <<Որդեգրիր մի գյուղ>> նախագծի շրջանակնում Վայոց ձորի Ռինդ համայնքում կազմակերպվել էր յուրատեսակ տոնական միջոցառում, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Ռինդի համայնքապետ Հուսիկ Սահակյանը, Ելփին, Չիվա, Արենի համայնքների ղեկավարները, բազմաթիվ վայոցձորցիներ, զբոսաշրջիկներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ռինդ և Չիվա համայնքներ տանող ճամփաբաժանի մոտ խաղողի վազի տեսքով կառուցված <<Կարաս>> քարակերտ կոթողը բաղկացած է 7 սիմվոլիկ կարասներից: Կառույցի դիզայնի հեղինակն ինքը Լեն Ուիքսն է:
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ հրապարակ բերվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը (125մ երկարությամբ) և հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Նշենք, որ դրոշը տրամադրվել է Մուշեղ Գասպարյանի կողմից: Ըստ Մ. Գասպարյանի՝ դրոշի 100 մետրը խորհրդանշում է Ցեղասպանության 100-ամյակը, իսկ 25-ը՝ Հայաստանի Հանրապետության 25-ամյակը:
<<Կարաս>>-ի բացման հանդիսավոր արարողությունը վստահված էր Լեն Ուիքսին և Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանին: Հնչեցին ողջույնի և շնորհակալանքի խոսքեր: Այնուհետև տեղի ունեցավ Ռինդի մանկապարտեզի խաղահրապարակի բացման արարողությունը: Խաղահրապարակում տեղադրվել էին երեխաների ազատ ժամանցի կազմակերպման համար նախատեսված սարքավորումներ՝ Թայլանդի հայ համայնքի կանանց ֆինանասական աջակցությամբ: Ռինդում միջոցառումների շարքը եզրափակվեց գյուղի դպրոցի բակում կազմակերպված ծառատունկով:
Ծրագրի շրջանակներում միջոցառումներ իրականացվեցին Արենի և Շատին համայնքներում ևս: Արենի գյուղի մուտքի մոտ տեղադրվեց գյուղի տեսարժան վայրերը ներկայացնող քարտեզ, որը զբոսաշրջիկների համար կծառայի որպես ուղեցույց: Արենիի միջնակարգ դպրոցին տրամադրվեցին անգլերենի դասագրքեր, որից հետո գյուղում կազմակերպվեց ծառատունկ: Արենի համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց աջակցության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կլինի:
Տեղեկացնենք, որ 2015 թվականին Արենի համայնքը <<Որդեգրվել է>> Նոր Զելանդիայի հայկական համայնքի կողմից:
Շատին համայքնում տեղադրվեց <<Որդեգրիր մի գյուղ>> ցուցանակը, կազմակերպվեց ծառատունկ, տեղադրվեցին աղբամաններ: Այցելություն եղավ նաև Շատինի միջնակարգ դպրոց, որի ընթացքում դպրոցին տրամադրվեցին անգլերեն դասագրքեր: Ինչպես նշեց Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանը, համայնքի <<որդեգիրնեն են>> Ավստրալիայի հայկական համայնքի ներկայացուցիչները:
Բոլոր միջոցառումներն ուղեկցվում էին հայկական ժողովրդական և ազգագրական երգ ու պարով:
<<Որդեգրիր մի գյուղ>> նախագիծը մեծ կարևորություն և նշանակություն ունի Վայոց ձորի համար: Լեն Ուիքսի հետ զրույցից տեղեկացանք, որ այս նախագիծը չի սահմանափակվելու միայն Վայոց ձորի մարզով: Նախագիծը հետագայում ավելի ընդգրկուն կդառնա և ծրագրում կներգրավվեն մեր հանրապետության մյուս մարզերը ևս:
Տեղեկացնենք, որ <<Որդեգրիր մի գյուղ>> նախագիծը Լեն Ուիքսի միակ ծրագիրը չէ: Գործում է նաև <<Ծագումը>> նախագիծը, որը բացահայտում և ներկայացնում է Հայաստանն իր գեղեցկությամբ, հնագույն մշակույթով, պատմությամբ , խոհանոցի բազմազանությամբ՝ նպատակ ունենալով ուղորդել զբոսաշրջիկների ուշադրությանը մարզի գրավչությամբ աչքի ընկնող ուղղություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40