Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարվեցին Ոսկե բանալի մրցանակաբաշխության հաղթողները

28.09.2016

 2016թ.-ի սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15-րդ ամյակը և Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 14-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով կարևորեց այս նախաձեռնությունը և շնորհավորեց մրցանակակիրներին: Ներկաներին ողջունեցին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիք Լորենցը և ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը, ով նշեց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձևավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում։ Ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ և գաղտնի գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու, միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատանքը»:

Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.

ՀՀ առողջապահության նախարարությունը ճանաչվեց ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիք Լորենցը։
«Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար Ոսկե բանալի մրցանակ տրվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Մրցանակը շնորհեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան ղեկավար Դեբորա Գրիսերը :
ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝ http://vdzor.mtad.am/ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք: Ոսկե բանալի մրցանակը Վայոց Ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանին հանձնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործող հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությանը: ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանին մրցանակաը հանձնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող ճանաչվեց Սիվիլնեթի լրագրող Արման Սուլեյմանյանը: Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն:
Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց «Ասպարեզ» օրաթերթը:
ԻԱԿ-ի 15 ամյակի հոբելյանական Հատուկ մրցանակը շնորհվեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին:
Հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ ԻԱԿ-ը որոշեց Մրցանակաբաշխության բացասական մրցանակ ժանգոտ կողպեքի մրցանակակիր մարմիններին չհայտարարել: Փոխարենը ՏԱ տեսանկյուից փակ գործող մարմինները կընգրկվեն Կենտրոնի եռամսյակային և տարեվերջյան Սև ցուցակներում:

www.foi.am, 28.09.2016

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 17:07:07