Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է գտնվել Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ համայնքում կազմակերպված ավանդական Գաթայի փառատոնին
26.09.2016
Սեպտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է գտնվել Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ համայնքում անցկացված ավանդական <<Գաթայի փառատոնին>>, որը կազմակերպվել է Խաչիկի համայնքապետարանի կողմից՝ <<Արենի փառատոն>> հիմնադրամի աջակցությամբ:
Փառատոնին մասնակցելու, անուշաբույր և համեղ գաթան, Խաչիկի բերքն ու բարիքը համտեսելու էին եկել ոչ միայն վայոցձորցիները, այլև հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից, ԱՊՀ երկրներից, սփյուռքից և բազմաթիվ զբոսաշրջիկներ:
Գյուղում աննկարագրելի ջերմ և ուրախ մթնոլորտ էր տիրում: Օդում կարելի էր զգալ հայկական լավաշի և գաթայի գայթակղիչ բույրը: Տոնին ներկա գտնվողներին ներկայացվեցին ամենամեծ և ամենափոքր գաթաները, համապատասխանաբար՝ 3մ 20սմ և 3սմ տրամագծերով:
Փառատոնի ընթացքում անցկացվեցին բազմապիսի խաղեր:Հյուրերը մասնակցեցին օղու թորման ընթացքին, համտեսեցին Խաչիկին բնորոշ ճաշատեսակներ և բարիքներ: Համայնքում գործող փոքրիկ թանգարանում կազմակերպվել էր նաև արվեստի և արհեստի գործերի, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես վաճառք:
Տեղեկացնենք, որ Խաչիկ գյուղի մուտքի մոտ տեղի ունեցավ <<Սուրբ Խաչքարի>> բացման հանդսավոր արարողությունը: Խաչի հեղինակն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը, իսկ հովանավորը՝ գործարար Ռոբերտ Խաչատրյանը: Օրհնության կարգը կատարեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
Գաթայի փառատոնն ամբողջական դարձրեց տոնական համերգը, որի ընթացքում ելույթ ունեցան Խաչիկի, Արենիի, Վայքի պարային խմբերը, Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները, սիրված երգչուհիներ Սոֆի Մխեյանը և Սիբիլը:
Բերդի պես կանգուն է Խաչիկ համայնքը, իսկ բնակիչներն՝ սրտաբաց ու հյուրընկալ:
Մնում է սահմանապահ Խաչիկ համայնքի բնակիչներին մաղթել խաղաղ օրեր, լազուր երկնակամար և ասել՝ տոնդ շնորհավոր անվախ Խաչիկցի: