Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնական միջոցառումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին
22.09.2016
Սեպտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին: Նիստն սկսվեց ՀՀ Օրներգով: Նիստին ներկա էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Միջոցառումն օրհնության խոսքով բացեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ, Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդես եկավ զեկուզումով: Մարզպետը շնոհավորանքի խոսքից հետո ներկայացրեց անկախության 25 տարիների ընթացքում Վայոց ձորի մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, նշեց այդ ընթացքում տնտեսության մեջ տեղ գտած բացթողումները: Հ. Սարգսյանն իր խոսքն ավարտեց բարեմաղթանքով:
Նիստի մասնակիցներին ողջունեց և ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը: Շնորհավորանքի և բարմաղթանքի խոսքով հանդես եկան նաև վաստակավոր մանկավարժ Կառլեն Կարապետյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սանամ Մարգարյանը, ուսանող Յուրա Հակոբյանը և այլոք:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահի կողմից մի խումբ վայոցձորցիներ արժանացել էին պարգևների: Նախագահական մեդալները պարգևատրվածներին հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Նիստի ընթացքում Եղեգնաձորի զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատար, կապիտան Մանվել Մարտիրոսյանը ապրիլյան Քառօրյա պատերազմում ակտիվ մասնակցություն բերած քաղաքացիներին հանձնեց ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի կողմից տրված պատվոգրերը:
Նիստն ավարտվեց փոքրիկ համերգով, որտեղ հայրենիքին նվիրված երգեր կատարեցին Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Զոյա Սարգսյանը, շրջանավարտներ՝ Կարեն Մելքումյանը և Արթուր Կարապետյանը,:
Հանդիսավոր նիստից հետո Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի կողմից կատարվեց Հանրապետական մաղթանք:
Մաղթանքից հետո մշակույթի կենտրոնում տրվեց տոնական համերգ, որին մասնակցում էին մարզի արվեստի դպրոցների և գեղարվեստական ինքնագործունեության համույթների սաները:
Տոնական միջոցառումներն ավարտվեց շքեղ հրավառությամբ: